Հայ երիտասարդությունը պայքարում է բրիտանական հանրագիտարանում Հայաստանի մասին տեղեկությունների կեղծման դեմ

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խումբը պայքար է մղում բրիտանական հանրագիտարանում Հայաստանի մասին տեղեկատվության կեղծման դեմ: «Առայժմ մենք զանազան քարոզարշավներ ենք իրականացնում ինտերնետի միջոցով, մասնավորապես այնպիսի սոցիալական ցանցերում, ինչպիսին են «Facebook»-ը, «Օդնոկլասնիկի.ռու»-ն, «Վ կոնտակտե»-ն և այլն: Սակայն դեկտեմբերի 15-ին խաղաղ երթ կկազմակերպվի ի նշան ռուսական «Մախաոն» հրատարակության կողմից վերահրատարակված բրիտանական «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարանում» տեղ գտած Հայաստանի մասին տեղեկատվության կեղծումների դեմ բողոքի»,- դեկտեմբերի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց «Անկախ» շաբաթաթերթի թղթակից, «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողության համակարգող Անի Գասպարյանը: Նրա խոսքով' խումբը կփորձի գրավել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դեսպանությունների ուշադրությունը' ակնկալելով նրանց աջակցությունը:

«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խմբի անդամներն ավելացրեցին, որ իրենք նույնպես մտադիր են Սփյուռքին դիմել աջակցության համար, իսկ անհրաժեշտության դեպքում' ղեկավարվել միջազգային իրավունքի սկզբունքներով:

2003 թվականին մանկական գրականության բրիտանական «Մակմիլլան» հրատարակությունը «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարան» հրատարակեց, որում տեղ գտան Հայաստանի մասին կեղծված տվյալներ: Գրքում, մասնավորապես, ասվում է, որ նախ' «Հայաստանում պետական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն են»: Երկրորդը' «երկրում գործում է Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցին և Շիա Իսլամը»: Երրորդը' 1991թ. անկախացումից ի վեր Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ' Լեռնային Ղարաբաղի' «մեծ թվով հայ բնակչությամբ ադրբեջանական տարածքի համար»: Բոլոր այս փաստերը կոպիտ կեղծումներ են և բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: 2009 թվականին ռուսական «Մախաոն» հրատարակությունը թարգմանեց և վերահրատարակեց բրիտանական «Աշխարհագրության մեծ նկարազարդ հանրագիտարանը»' իր հրատարակության մեջ նույնպես ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները:

Այդ կեղծումները հայտնաբերվեցին հայ լրագրողի կողմից այս տարվա սեպտեմբերի 24-ին: Դրա հետևանքը եղավ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնողական խմբի ստեղծումը, որի մեջ արդեն մտել են ավելի քան մեկ տասնյակ երիտասարդական կազմակերպություններ և զանազան կուսակցությունների երիտասարդական կառույցներ: Խմբի անդամները զանազան քարոզարշավերի միջոցով փորձում են դիմակայել կեղծումներին և հասնել սխալների ուղղման: Նրանց գործունեությունն ուղղված է նաև ապագայում նման երևույթների կանխմանը:

Աղբյուր' www.panarmenian.net