ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ամենակոռումպացվածը կրթական, դատական և ոստիկանականական ոլորտներն են

Թրանսփարենսի ինթերնեյշնլ (ԹԻ) կազմակերպության հարցումների համաձայն Հայաստանի բնակչության մեծ մասը կարծում է, որ ամենակոռումպացված ոլորտը կրթությունն է, երկրորդ տեղը կիսում են դատական համակարգը և ոստիկանությունը, որոնք անցած տարվա տվյալներով առաջատարն էին կոռումպացվածների շարքում։ Ամենակոռումպացվածների շարքում երրորդ տեղը կիսում են պետական պաշտոնյաները և օրենսդիրները։
ԹԻ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրը կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ամենաընդգրկուն ուսումնասիրությունն է։ Այս տարի ուսումնասիրությունը ներառել է աշխարհի 86 երկրներ, 2009-ի 69 երկրի փոխարեն։ 2010թ.-ի հարցման անցկացումը ԹԻ-ն պարտվիրել է Գելափ Ինթերնեյշնլին։
ԹԻ հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց Բարոմետրի տվյալները։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարցվածների 60 տոկոսի կարծիքով՝ վերջին տարիներին ամբողջ աշխարհում կոռուպցիան աճել է։ Իրավիճակը վատթարացել է հատկապես Հյուսիսային Ամերիկայում և եվրոպական երկրներում։
Այս տարի առաջին անգամ հարցաթերթիկում ներառված են հարցեր՝ պարզելու համար որքանո՞վ են մարդիկ պատրաստ անձամբ պայքարելու կոռուպցիայի դեմ։ Պարզվել է, որ հարցվածների 70 տոկոսը պատրաստ է ներգրավվելու կոռուպցիայի դեմ պայքարում։
Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց նաև կոռուպցիայի պատկերը Հայաստանում։ Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ վերջին տարիներին երկրում կոռուպցիան աճել է, 15 տոկոսը կարծում է, որ նվազել է, իսկ 35 տոկոսի կարծիքով պատկերը չի փոխվել։ Հարցվածների 53 տոկոսի կարծիքով իշխանությունների ձեռնարկած քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ չեն, 27-ի կարծիքով՝ արդյունավետ են։
Հայաստանում միակ դրական փոփոխությունն այն է, որ նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի կրճատվել է կաշառք տվողների թիվը՝ 43-ից դառնալով 22 տոկոս։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
