ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատավորներին շնորհվել է Ազատության պաշտպանի մրցանակ

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ դատավորներ Ռուզաննա Բարսեղյանը, Հովսեփ Բեդևյանը և Մարինե Մելքոնյանը ԱՄՆ-ի դեսպանության կողմից ստացան Ազատության պաշտպանի մրցանակ:
Ազատության պաշտպանի մրցանակը շնորհվում է այն անհատներին և հասարակական կազմակերպություններին, որոնք, բախվելով լուրջ մարտահրավերների, կարողանում են հանդես բերել բացառիկ խիզախություն և վճռականություն՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, ժողովրդավարության և սոցիալական արդարության:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանին, Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանին և Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին Ազատության պաշտպանի մրցանակ է շնորհվել իրավունքի կարևորագույն սկզբունքներին հետևելու, իրավապահ և պետական այլ մարմիններին ամենաբարձր չափորոշիչներ առաջադրելու և դատական անկախություն հանդես բերելու համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության:
Հիշեցնենք, որ 2008 թվականին Ազատության պաշտպանի մրցանակ է ստացել Հայաստանի Հելսինկյան ասոցիցիայի նախագահ Միքայել Դանիելյանը, իսկ 2009-ին՝ «Հետք» ինտերնետային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:
Աննա Բարսեղյան
Աղբյուր՝ www.hra.am
