ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Իրավապահ մարմինները պաշտպանո՞ւմ, թե՞ ոտնահարում են մարդու իրավունքները

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ «Հենարան» մամուլի ակումբը հյուրընկալել էր իրավապաշտպաններ Արթուր Սաքունցին, Էդմոն Մարուքյանին և մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Ռուստամ Մախմուդյանին։
«Եթե խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքներից, ապա պետք է խոսենք միայն խախտումների մասին»,- այս կարծիքն է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ըստ նրա, մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, որտեղ ոստիկանական բաժանմունքներում, քրեակատարողական հիմնարկներում և զինված ուժերում կասկածելի հանգամանքներում մահանում են մարդիկ, որտեղ խոշտանգումների ու բռնությունների դեպքերը անուշադրության են մատնվում իրավապահ մարմինների ու դատական իշխանության կողմից, իսկ իրավախախտները գտնվում են այդ նույն մարմինների հովանու ներքո, այդ երկրում չկա մարդու իրավունքների նկատմամբ հարգանք, իսկ մարդու արժանապատվությունը հավասար է զրոյի։
ՄԻՊ խորհրդական Ռուստամ Մախմուդյանը ավելի զգուշավոր էր Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ներկայացնելիս։ Նա նշեց, որ մարդու իրավունքների խախտման դեպքերի պատճառներից մեկը հանդիսանում է այն, որ «ենթակա և վերադաս պաշտոնատար անձինք միմյանց նկատմամբ անկեղծ չեն, և շատ դեպքերում իրավիճակները միջին դասի ղեկավարությունը ներկայացնում է բոլորովին այլ կերպ»։
Տարեսկզբից մինչ օրս ՄԻՊ գրասենյակը ստացել և գրանցել է 4000 գրավոր և բանավոր դիմում-բողոք, որոնց մեծ մասն առնչվում են ոստիկանական և դատական համակարգին, ինչպես նաև քաղաքապետարանին, ՏԻՄ մարմիններին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Թեև օմբուցմենի գրասենյակին հաջողվում է դիմողների մի մասի խախտված իրավունքները վերականգնել, սակայն «ՄԻՊ-ը չէ բոլոր հիվանդություների միակ դեղամիջոցը», նկատում է Ռ.Մախմուդյանը։
Իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը ցավոտ խնդիր համարեց նախնական կալանքի կիրառման արատավոր պրակտիկան: Նա մարդու իրավունքների ոտնահարում է համարում այն, որ որպես խափանման միջոց մասսայաբար կիրառվում է կալանքը, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը կայացնում է ոչ թե դատարանը, այլ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը։
«Ես դեռ չեմ ունեցել մի գործ, որ վերաքննիչ դատարանը բեկանի խափանման միջոցը կալանք ընտրելու մասին որոշումը, և չեմ ունեցել մի գործ դրա հետ կապված, որ վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի»,- ասաց նա։
Լրագրողների կողմից հարց հնչեց Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից ՀՀ նախագահի ապարատի աշխատակցին ծեծելու դեպքի առնչությամբ։ Արդյո՞ք նրան կստիպեին հրաժարական տալ, եթե ծեծվողը լիներ շարքային քաղաքացի։
Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Բեգլարյանի հրաժարականը բավարար չէ։ Միջադեպի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցվեր: «Սա քրեական հանցագործություն է, ի՞նչ կապ ունի պաշտոնանկության հետ։ Բոլորը խոսում են այն մասին, որ նա պատժվեց։ Պատժվելը դա չէ, պատժվելը ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկվելն է»,- ասաց նա։
Մարուքյանը նկատում է, որ երբ քաղաքացին «համարձակվում է» թեկուզ մի թեթև հրել ոստիկանին, դեպքի առիթով քրեական գործ է հարուցվում, իսկ երբ ոստիկանն է ծեծում քաղաքացուն, քրգործ չի հարուցվում, ամեն ինչ ավարտվում է ծառայողական քննությամբ։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
