ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշակերտները դպրոց են պահանջում

«Դըպ-րո՛ց, դըպ-րո՛ց» կոչերով և պաստառներով այսօր Շիրակի մարզի Վարդաքար գյուղի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները ցույց էին կազմակերպել նախագահի նստավայրի առջև՝ ի պաշտպանություն իրենց գյուղի դպրոցի:
«Մեր դպրոցը փակել են, ուզում են միացնել հարևան Նոր կյանք գյուղի դպրոցին: Եկել ենք այստեղ, որ դպրոց ուզենք: Սկզբում որոշել էին մեր դպրոցը քանդել, որպեսզի նորը կառուցեն, բայց դպրոցը քանդեցին ու հիմա ասում են, որ չեն կառուցելու»,- ասում է Վարդաքարի արդեն նախկին միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Աննան:
Հոկտեմբերին դպրոցը քանդելուց հետո աշակերտները ժամանակավորապես գյուղապետարանում են դաս արել, մինչև վերջին 3-4 օրը, երբ որոշել են բոյկոտել և այլևս դասի չգնալ:
«Հիմա դպրոցը կիսաքանդ կանգնած է, դպրոց չկա, դպրոց սարքել չկա: Կողքի գյուղում դպրոց են սարքել, ասում են, թե եկե՛ք, տեղափոխվե՛ք մեր դպրոց: Բայց մենք 110 աշակերտ ունենք, առաջին դասարանի երեխան 4 կիլոմետր կարո՞ղ է գնալ, որ կողքի գյուղի դպրոց հասնի: Բա գեղը դպրոց չունենա՞, ինչի էս ո՞ր թիվն է, ո՞ր դարն է»,- բողոքում է ծնող Սվետլանա Մայիլյանը:
Դպրոցի շրջանավարտներից Մերին հիշում է, որ դեռ տարիներ առաջ իրենց խոստացել էին դպրոցը քանդել, նորից կառուցել:
«Ինչու՞ են մեզ խաբում: Էն ժամանակ ասեցին նախագիծը կա, ֆինանսավորումը կա, նոր դպրոց կկառուցենք: Հիմա քանդել են ու չեն կառուցում»,- սրտնեղում է Մերին:
«Մեր ցավն էն է, որ կողքի գյուղում կառուցում են 380 հոգանոց դպրոց, որպեսզի մեր գյուղի դպրոցը տեղափոխեն էնտեղ: Մեր գյուղը դպրոց չունենա՞, 800 հոգանոց գյուղ է»,- ասում է ծնող Սուսաննան:
Գյուղացիները բողոքում են. երկրաշարժից հետո դպրոցը 4-րդ կարգի վթարային շենք էր, սակայն իրենք դեռ ուղարկում էին իրենց երեխաներին սովորելու՝ հույս փայփայելով, որ վերջապես նոր դպրոց կունենան: Նոր կյանք գյուղի դպրոցը, իրենց խոսքերով, «Լինսի» հիմնադրամն է կառուցում, որը, ինչպես իրենք են ասում «քյար է բերելու պետությանը»: Եթե դրական պատասխան չստանան, նրանք պատրաստ են դիմել բարերարներին, ովքեր կօգնեն վերակառուցել դպրոցը:
«Ամբողջ գյուղը մտահոգված է դպրոց չունենալու հարցով, որն ամենակարևոր հարցն է գյուղի համար»,- ասում է Վարդաքարի միջնակարգ դպրոցի Քիմիայի և Կենսաբանության ուսուցչուհի Արաքսյա Երիցյանը:
Դպրոց չլինելը առաջ է քաշում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ ուսուցիչների գործազրկությունը: Ուսուցիչներին չեն հրավիրել կողքի գյուղի դպրոցում դասավանդել: Եթե անգամ հրավիրեն, իրենք չեն գնա: Նրանք այսպես են արտահայտում իրենց դժգոհությունը:
Գյուղացիներին աջակցելու համար ցույցին մասնակցում էր նաև Վարդաքարի գյուղապետը:
«Գյուղապետին վախեցնում են միլպետը, մարզպետը, խեղդեցին, գյուղապետն էլ ասեց՝ եթե անհրաժեշտ է, խնդրեմ, էս պեչատը ձեզ եմ տալիս, ես ժողովրդի հետ պետք է գնամ»,- ասում են համագյուղացիները:
Վարդաքար գյուղի գյուղապետ Գալուստ Ավետիսյանին ընդունեցին նախագահի նստավայրում: Նա հանդիպեց Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի հետ:
«Կրթության և գիտության փոխնախարարն ասաց, որ գալու է տեղում ուսումնասիրի խնդիրը: Ասեցին՝ փոխվարչապետից, քաղաքաշինության նախարարությունից պետք է ճշտվի: Պետք է պարզեն ամեն ինչ՝ ինչ հիմքերով է քանդվել: Մինչև չորեքշաբթի պետք է գան գյուղ, ասեն»,- ասաց Վարդաքարի գյուղապետը:
Աննա Բարսեղյան
Աղբյուրը՝ www.hra.am
