ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ն գումարտակի 3-րդ վաշտի 1-ի դասակի տեսուչ Կարեն Հակոբյանն իր եղբոր՝ Զավեն Հակոբյանի հետ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, կատարել խուլիգանություն՝ քաղաքացու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելով:
Այսպես՝ ըստ նախաքննության տվյալների՝ 2010թ. մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի ավտոկայանի տարածքում Կ. Հակոբյանը վիճաբանել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Բեյբությանի հետ: Վիճաբանության ընթացքում Կ. Հակոբյանը հայհոյել է վերջինիս և ոտքով հարվածել նրան: Ապա նրան քարշ տալով դուրս է հանել ավտոմեքենայից և շարունակել ծեծել:
Վիճաբանողներին է մոտեցել Ա. Բեյբությանի ընկեր Ա. Զիրոյանը, ով պահանջել է վերջ տալ խուլիգանությանը: Սակայն Զ. և Կ. Հակոբյանները, վրդովվելով Ա. Զիրոյանի դիտողությունից, բռնություն են գործադրել նաև նրա նկատմամբ. Կ. Հակոբյանը, հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետից վերցնելով անիվների ապամոնտաժման բանալին, այն օգտագործելով որպես զենք, հարվածներ է հասցրել Ա. Զիրոյանի ճակատին և ձախ դաստակին՝ վերջինիս պատճառելով համապատասխանաբար թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:
Դեպքին միջամտել է Ա. Զիրոյանի կինը՝ Ա. Սահակյանը, ով փորձել է օգնություն ցույց տալ ամուսնուն: Սակայն Զ. Հակոբյանը ձեռքին եղած ավտոմեքենայի ամբարձիչով հարվածել է Ա. Սահակյանի գլխին՝ նրան դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Զ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
Քրեական գործն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայություն
