ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն դատական ակտերը չկատարելու համար

Երկուշաբթի հայկական խորհրդարանը արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ Քրեական օրենսգրքում ուղղումներ կատարելու նախագիծը, որոնց միջոցով առաջարկվում է շարքային քաղաքացիների համար քրեական պատասխանատվություն մտցնել՝ դատական ակտերը չկատարելու համար։

Ինչպես հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը, ավելի վաղ Քրեական օրենսգիրքը դատական ակտերը չկատարելու համար քրեական պատասխանատվություն էր նախատեսում միայն պաշտոնատար անձանց համար, այն դեպքում, երբ քաղաքացիները միայն վարչական պատասխանատվություն էին կրում։

«Այժմ մենք առաջարկում ենք, որ դատական ակտերը չկատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը տարածվի բոլոր քաղաքացիների վրա։ Մենք ուսումնասիրել ենք համաշխարհային փորձը՝ դատարանի որոշումը չկատարելու համար քաղաքացիների քրեական պատասխանատվության ինստիտուտը գործում է Մերձբալթյան երկրներում և շատ եվրոպական պետություններում»,- ասաց փոխնախարարը։

Միաժամանակ Մալխասյանը տեղեկացրեց, որ ուղղումների միջոցով նախատեսվում է, որ առաջին անգամ դատարանի որոշումը չկատարելու դեպքում քաղաքացին պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Կրկնակի խախտման դեպքում, ինչպես տեղեկացրեց փոխնախարարը, պատիժը խստանում է։ ՔՕ-ի վերանայված 353 հոդվածի համաձայն, դատական ակտի չկատարման դեպքում մեղավորները կպատժվեն կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։

Աղբյուր՝ http://newsarmenia.am