ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Economist Intelligence Unit. Հայաստանը` կրկին «հիբրիդային ռեժիմների» շարքում

Աշխարհի 167 պետությունների թվում Հայաստանը ժողովրդավարության մակարդակով 109-րդ տեղում է: Սա են վկայում չորեքշաբթի օրը Lոնդոնում Economist հանդեսի վերլուծական հավելվածի հրապարակած հերթական հետազոտության արդյունքները:
Economist Intelligence Unit-ը աշխարհում ժողովրդավարության մակարդակին վերաբերող իր ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում է երկու տարին մեկ: Վերջին անգամ Economist-ի վերլուծաբանները նման զեկույց էին հրապարակել 2008 թվականի տարեվերջին:
Նախորդ զեկույցի համեմատ` Հայաստանը իր դիրքերը բարելավել է 4 կետով: Կոնկրետ ցուցանիշների առումով, սակայն, Հայաստանում 2008-ի համեմատ որևէ բարելավում բրիտանացի մասնագետները չեն արձանագրել. ինչպես և 2008-ին` այժմ էլ Հայաստանում չափազանց ցածր է թե' քաղաքական մշակույթի մակարդակը և թե' կառավարման համակարգի արդյունավետությունը:
Հայաստանի դիրքերը բավական խոցելի են նաև այսպես կոչված «քաղաքական ներգրավվածության» ոլորտում: Այստեղ տիրող կացությունը որոշելու համար Economist-ը մի շարք ցուցանիշներ է հաշվի առնում` ընտրություններին քվեարկողների մասնակցության մակարդակից մինչև կանանց ներկայությունը խորհրդարանում և շարքային քաղաքացիների` ազատորեն ցույցեր ու հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:
Միջինից ցածր է գնահատված նաև հայաստանյան ընտրական համակարգի վիճակը:
Միակ ոլորտը, որը Economist Intelligence Unit-ի կողմից համեմատաբար բարձր է գնահատել, քաղաքացիական ազատությունների մակարդակն է: Բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանի ցուցանիշները հեռու են աշխարհի առաջատար պետություններից` Հայաստանը այստեղ Վենսուելայի և Մալազիայի հետ նույն մակարդակի վրա է:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը զեկույցի հեղինակների կողմից կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» թվին: Այս տիպի պետություններում տիրող իրավիճակին Economist-ը հետևյալ ամփոփ բնութագիրն է տալիս. - «Կառավարման նման համակարգերի առկայության դեպքում ընտրությունները, որպես կանոն, զգալի թերություններ են ունենում, ինչն անհնար է դարձնում դրանց որակումը որպես ազատ և արդար: Տարածված երևույթ է կառավարության կողմից ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների դեմ ճնշումների կիրառումը: Կոռուպցիան հիբրիդային ռեժիմներում լայն տարածում ունի, իսկ օրենքի իշխանությունը շատ թույլ է: Նման ռեժիմներին բնորոշ են նաև լրագրողների նկատմամբ հալածանքները, իսկ դատական համակարգը անկախ չէ»:
Economist-ի վերլուծական հավելվածի համաձայն` «հիբրիդային ռեժիմների» թվին են դասվել նաև Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Ադրբեջանն ու Իրանը զեկույցի հեղինակների կողմից բնութագրվել են որպես «կառավարման ավտորիտար համակարգ ունեցող պետություններ»:
Աղբյուր՝ http://www.azatutyun.am
