ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Անպայման, անպայման, անպայման». Տիգրան Կարապետյանը ցանկանում է համագործակցել «Ա1+»-ի հետ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումը համարում եմ վերևից իջեցված ու հստակ քաղաքական ենթատեքստով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՀՌԱՀ այսօրվա որոշումը, հայտարարեց ԱԼՄ հոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքային սփռման թվային հեռարձակման կապուղիների համար հայտարարված մրցույթում ԱԼՄ հոլդինգը պարտվեց իր միակ մրցակից «Երևան» հեռուստաընկերությանը. ԱԼՄ-ն ստացավ 32 միավոր, իսկ «Երևան» հեռուստաընկերությունը` 40:
«Վերևից ուղղորդված, փաստորեն քաղաքական որոշում էր», -կարծիք հայտնեց Տիգրան Կարապետյանը` նկատելով, որ իր կողմից ներկայացված մրցույթային փաթեթը «երկու անգամ գերազանցում է «Երևան» հեռուստաընկերության ներկայացրած փաթեթին»:
«Մենք 600 հազար ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ էինք ներկայացրել, իսկ «Երևան» հեռուստաընկերությունը` 400 հազար ընդամենը, մենք ունենք 13 հաղորդակ, իրենք` 1, մենք ունենք բարելավված շենքային պայմաններ և վերջապես մենք առաջարկում ենք 82 աշխատատեղ, իսկ նրանք` 42», -հավելեց ԱԼՄ հոլդինգի ղեկավարը:
Նա նկատեց, որ ուղղակի ցանկացել են ժողովրդին զրկել իր հաղորդումներից և տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել ՀՌԱՀ որոշումը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագա գործողություններում Տիգրան Կարապետյանը միավորվի «Ա1+»-ի հետ, Կարապետյանը պատասխանեց. «Անպայման, անպայման, անպայման»:
Աղբյուր`http://www.panorama.am
