ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ավտոերթ Երևանում
«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է առնվազն 1 տարով հետաձգել ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը:
Այսօր' դեկտեմբերի քսանմեկին, կուսակցությունը Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Արմավիրում անցկացրեց ավտոերթեր ընդդեմ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքով ամրագրված պարտադիր ավտոապահովագրման պայմանների և ժամկետների:
Եռագույն դրոշներով և մեքենաներին փակցրած «Ոչ ապպա-շնորհ օրենքին», «Այո ապահովագրմանը, ոչ ԱՊՊԱ կոռուպցիային», «Նախ եվրո աշխատավարձ, ապա եվրո' ԱՊՊԱ» պաստառներով երևանյան ավտոերթը սկսեց Հրազդան մարզադաշտին հարող հրապարակից և ավարտվեց Կառավարության շենքի մոտ:
Ընդդեմ ԱՊՊԱ-ի' ավտոերթի մասնակիցները կառավարությանը ներկայացրին պահանջագիր:
Ավտոերթին մասնակցող վարորդները չեն հավատում, որ եթե վթար տեղի ունենա, ամբողջ գումարը կփոխհատուցվի:
Նշենք, որ մինչ օրս մեքենաների 20%-ն է ապահովագրվել, ինչը ըստ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի,նշանակում է, որ մեքենաների տերերը հունվարից հետո տուգանք պետք է մուծեն:
Արմեն Մարտիրոսյանը դեռևս չի ապահովագրել իր մեքենան, բայց առաջիկայում, չնայած դժգոհություններին, պատրաստվում է դա անել:
«Կա օրենք և ես որպես օրինապաշտ քաղաքացի ստիպված կլինեն անել: Այն անձինք, ովքեր բանակում ծառայել են, շատ լավ գիտեն հետևյալ ասույթը, որ եթե հրամանատարը սխալ է, պետք է անել նրա հրամանը և հետո նոր միայն բողոքարկես իր սխալը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հինգշաբթի օրը «Ընդդեմ ԱՊՊԱ»-ի ավտոերթի մասնակիցները կհավաքվեն կառավարության մոտ' նամակի պատասխանը ստանալու համար: Պատասխանից էլ կախված կլինեն նրանց հետագա անելիքները:
Ստորև ներկայացնում ենք պահանջագիրն ամբողջությամբ.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
ԱՊՊԱ օրենքի գործարկումը հետաձգելու և դրանում փոփոխություններ կատարելու մասին
Մենք' Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, կողմ լինելով տրանսպորտային միջոցների ապահովագրման համակարգի աստիճանական ներդրմանը, միաժամանակ անընդունելի ենք համարում սույն թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի ընդունած' «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքի որոշ դրույթներ:
ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը այս օրենքը նախաձեռնելիս և ընդունելիս պարտավոր էին հաշվի առնել երկրում առկա տնտեսական ճգնաժամն ու քաղաքացիների զգալի մասի ծանր սոցիալական վիճակը:
Մենք պահանջում ենք ԱՊՊԱ օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Հետաձգել օրենքի կիրարկման' 2011 թվականի հունվարի 1-ից նախատեսված ժամկետը մեկ տարով:
2. Էապես նվազեցնել Կենտրոնական բանկի կողմից հաստատված պայմանագրերի անհիմն բարձր սակագները, բարձրացնել պատահարների հետևանքով վնասի փոխհատուցման առավելագույն գումարների չափը' ապահովելով ապահովագրական սակագների հետ դրանց խելամիտ հարաբերակցությունը:
3. Լրամշակել ապահովագրական ընկերությունների լիցենզավորման կարգը և ապահովել լիցենզավորման գործընթացի թափանցիկությունը:
4. Օրենքից հանել սակագների ստորին շեմին վերաբերող սահմանափակումը' ապահովագրական ընկերությունների համար ստեղծելով ազատ մրցակցության դաշտ:
5. Օրենքի վերոնշյալ և այլ փոփոխություններն իրականացնելու նպատակով' պահանջում ենք կառավարությունից մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ:
Սույն պահանջագրի պատասխանը խնդրում ենք տալ երկօրյա ժամկետում:
"Ընդդեմ ԱՊՊԱ"-ի ավտոերթի մասնակիցներ
21 դեկտեմբերի 2010թ.
Երևան
Աղբյուր' www.a1plus.am
