ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքն ամբողջովին մարվել է

Քլորոպրենային կաուչուկ արտադրող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքն ամբողջությամբ մարվել է, երկուշաբթի հաղորդում է գործարանի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի` այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:00-ի դրությամբ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքն ամբողջությամբ մարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործարանի աշխատակիցները նոյեմբերի 11-ին բողոքի ակցիա էին անցկացրել կառավարության շենքի, իսկ հաջորդ օրը՝ նախագահի նստավայրի առջև՝ աշխատավարձի մի քանի ամսվա պարտքի մարում պահանջելով։
Գործարանը շուրջ 3100 աշխատակից ունի։
«Նաիրիտն» արդեն մի քանի ամիս է պարապուրդի մեջ է, սակայն գործարանի գլխավոր գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը հայտարարել էր հայկական ԶԼՄ-ներին, որ արդիականացման ծրագրի իրականացման համար ծրագրվում է 53 մլն դոլար արժողությամբ միջոցներ ներգրավել, որոնք ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծում են նախատեսում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Նաիրիտը» կարող է 150-300 մլն դոլարի վարկ ստանալ ԵվրԱզԷՍ հակաճգնաժամային հիմնադրամից։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:
2001թ. «Նաիրիտ» ոչ կառավարական կազմակերպությունից առանձնացվեին քլորոպրենային կաուչուկի արտադրության համար անհրաժեշտ ուժեր, որոնց հիման վրա ստեղծվեց պարտքերից ազատված ձեռնարկությունը՝ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն: 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։
Աղբյուր՝ http://newsarmenia.am
