«Միասնաբար օգնենք կյանքի համար պայքարող փոքրիկներին» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք` Երևանում

Երևանում դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ  "Միասնաբար օգնենք կյանքի համար պայքարող փոքրիկներին" խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը կազմակերպել էր "Ամերիա" խումբը: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց "Ամարիաբանկ" ՓԲ ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, իրենց ղեկավարությունը որոշում է կայացրել ամանորյա ավանդական նվերների համար նախատեսված գումարները նվիրաբերել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդությամբ տառապող երեխաներին:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ "Ամերիա" խմբի կողմից կազմակերպած նկարների ցուցահանդես-վաճառքին և աճուրդին ներկայացված էին մանուկների' "Հարյուր տարին ձեր աչքերով"« "Նվիրի'ր կյանք" և "Հայկական հեքիաթներ" թեմաներով նկարներ:

Վերջիններս տրամադրվել էին Գեղագիտության ազգային կենտրոնի, Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության, "ՍՕՍ մանկական գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամի, "Օրրան" բարեգործական հկ-ի, "Զատիկ" մանկատան կողմից: Միջոցառման ողջ հասույթը հավասարապես կբաշխվի և կփոխանցվի 13 երեխաների, որոնք այս պահին գտնվում են բուժման ընթացքում և դրամական օգնության կարիք ունեն:

Տ. Ջրբաշյանի խոսքով' ամեն տարի "Ամերիա"-ն և այլ խոշոր ընկերություններ որոշ գումարներ են հատկացնում միմյանց նվերներ անելու համար: "Սակայն մենք մոռանում ենք այն խորհուրդը, որ կրում է Սուրբ ծնունդը, որը բարության, հոգատարության ու մարդասիրության տոն է:

Մենք որոշեցինք ստեղծել ավանդույթ և կոչ արեցինք մեր գործընկերներին իմաստավորել այդ տոները' ոչ թե միմյանց նվերներ տալով, այլ մարդասիրական վերաբերմունք ցույց տալով նրանց, ովքեր դրա կարիքն ունեն",- ասաց Տ. Ջրբաշյանը: Ցուցահանդես-վաճառքին մասնկացում էին տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, մանկատների սաներ, այլք:

Աղբյուր' www.armenpress.am