Սևանա լճի հանձնաժողովը հաջորդ տարի զբաղվելու է լճի ջրի մաքրության խնդիրներով

Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին երկրի ղեկավարին զեկուցել է Հանձնաժողովի գործունեության 2010թ. աշխատանքային ծրագրի կատարման մասին, ներկայացրել առկա հիմնահարցերն ու 2011թ. հունվարին Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահին ներկայացվել է նաև Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիտորինգի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը: Ծրագրով առաջարկվում է ստեղծել մոնիտորինգային դիտարկումների և գնահատումների նոր համակարգ և մոնիտորինգային տեղեկատվական բանկ:
Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, 2010թ. աշխատանքային ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և սահմանված ժամկետներում:
Նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են եղել ջրի մակարդակի բարձրացմանը, ջրի մաքրության ապահովմանը և էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերականգնմանը:
Նախագահը մի շարք հանձնարարություններ է տվել Հանձնաժողովին` ուղղված առաջին հերթին ափամաքրման աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելուն, որպեսզի հետագայում ջրի բարձրացմանը զուգահեռ մաքրման հետ կապված նոր խնդիրներ չառաջանան: Ընդգծվել է, որ եկող տարվա ընթացքում Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու լճի ջրի մաքրության խնդիրների լուծմանը:

Աղբյուր՝ http://news.am