«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը ևս զրկվեց եթերից

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նիստում կայացել է թիվ 19-25 մրցույթների՝ մարզային հեռուստաընկերություններին հաճախականություն տրամադրելու քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, 23-րդ մրցույթում Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը ստացել է 42 միավոր, իսկ «ԳԱԼԱ TV»-ին՝ 14 միավոր: Սա նշանակում է, որ 2015 թվականից «Գալա TV-ն» զրկվելու է լիցենզիայից:
ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը «Ցայգին» գնահատել է առավելագույն՝ 6 միավոր, իսկ «ԳԱԼԱ»-ին՝ 2 միավոր:
Նիստից հետո Ամալյանը լրագրողներին ներկայացնելով իր դիրքորոշումը, ասել է, որ «ԳԱԼԱ»-ին գնահատել է 2 միավոր` բազմակարծություն ապահովելու և աշխատակազմի պատրաստվածության աստիճանի համար: «Իսկ մյուս բոլոր կետերով «ՉԱՊ»-ն («ԳԱԼԱ»-ն) ակնհայտորեն զիջում է իր մրցակցին, ինչպես, օրինակ, ֆինանսատնտեսական և բիզնես պլանի մասով»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում հեռարձակող «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը Հայաստանում միակն էր, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում լուսաբանում էր ընդդիմության հանրահավաքները և գործունեությունը:
2008 թվականին փորձ արվեց փակել «ԳԱԼԱ TV»-ն` մոտ 27 միլիոն դրամ տուգանք սահմանելով հեռուստաընկերության նկատմամբ, սակայն կազմակերպվեց հեռուստամարաթոն-դրամահավաք՝ ի պաշտպանություն «ԳԱԼԱ»-ի, որի արդյունքում հավաքվեց անհրաժեշտ գումարը (շուրջ 26, 5 մլն դրամ):
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՀՌԱՀ-ը եթեր վերադառնալու հնարավորությունից զրկել էր նաև «Ա1+»-ին: ՀՌԱՀ-ի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ին 0 միավոր էին տվել:
Աղբյուր՝ http://news.am