ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դելֆինարիումը կբացվի այսօր. Տասնյակ կազմակերպություններ բողոքում են
Այսօր Երևանում բացվելու է ուկրաինացի մասնագետների նախագծած Հայաստանի միակ դելֆինարիումը: Ընդդեմ դելֆինարիումի բացման հայ բնապահպանները Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարևանությամբ բողոքի ակցիա են կազմակերպելու: Ակցիային մասնակցելու են տասնյակ բնապահպանական կազմակերպություններ:
Էկոլոգիական հասարակական դաշինքը Panorama.am-ին տեղեկացրել էր, որ Երևանում դելֆինարիայի բացման օրը, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նաև Կիևում:
Կիևի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երևանի քաղաքապետարանի և Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:
Նշենք, որ մամուլն օրերս գրել էր, որ «Ներում» ընկերությունը, որն ուկրաինական մի քանի դելֆինարիումների սեփականատերն է, այնտեղ պաշտոնապես համարվել է օրինազանց ընկերություն: Ըստ այդ լուրերի, այժմ Ուկրաինայում մի քանի դատական պրոցեսներ են ընթանում «Ներումի» դեմ, և ավելին, որոշ քաղաքներում արդեն իսկ փակվել են այդ ընկերությանը պատկանող դելֆինարիումները:
Աղբյուր`http://www.panorama.am
