ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական եկեղեցիների անդամները Վիեննայում քննարկել են միգրանտների, ազգային խտրականության խնդիրները

Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարվել է Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի և Եվրոպայում միգրանտների գծով եկեղեցիների հանձնախմբի կողմից կազմակերպված «Եվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային 2010. ձեռքբերումներ, մարտահրավերներ և ապագայի հեռանկարներ» վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրոպայի ավելի քան 20 երկրներից:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ի օրհնությամբ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ժողովին ներկայացրել է Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Համաժողովին ներկայացվել են զեկուցումներ, ծավալվել քննարկումներ Եվրոպայում ապաստանած գաղթականների խնդիրների, իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրման, ազգայնամոլության և խտրականության դադարեցման վերաբերյալ: Ժողովում ընդունվել է բանաձև, որով կոչ է ուղղվել Եվրոպային` պաշտպանելու գաղթականների մարդու իրավունքները և դատապարտելու նրանց նկատմամբ ազգայնամոլության հողի վրա դրսևորվող խտրականությունը և բռնությունները:
Աղբյուր՝ http://news.am
