Սպառողների իրավունք. Խորհուրդ. Ուշադիր լինել հատկապես մանկական հագուստ գնելիս

Առջևում ամանորի տոներն են, որոնց անբաժան մասն են կազմում նաև ամանորի նվերները: Դրանց ամենից շատ սպասում են մանուկները, որոնց համար նախատեսված իրեր գնելուց ծնողները պետք է ուշադիր և զգույշ լինեն:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել հատկապես մանկական հագուստ գնելիս:
«Առևտրի և ծառայությունների ոլորտի կառավարման մեջ առկա որոշ բացթողումներ վերաբերում են մանկական հագուստին: Շուկան այսօր բարձիթողի է և լուծումներ դեռ չկան»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պողոսյանը:

Թե որքանո՞վ է վերահսկելի մանկական հագուստը մեր շուկաներում, դեռ հարց է, սակայն համապատասխան օրենքը սահմանազատում է մեծերի և փոքրերի՝ տեղում արտադրված և ներկրված հագուստին ներկայացվող պահանջները։ Առևտրի ոլորտը կարգավորվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով, որի ոչ մի հոդվածում, սակայն, կոնկրետ մանկական հագուստի որակական հատկանիշների և անվտանգության ցուցանիշներին վերաբերվող դրույթ չկա:

«Այդ հանգամանքից օգտվելով մեծ քանակի կասկածահարույց ապրանքներ են ներկրվում Հայաստան։ Մեր ստացած բողոքներն անհիմն չեն, և եթե մենք կարողանանք կարգավորել այս համակարգն այնպես, որ հատկապես մանկական ապրանքներն ու հագուստը, խաղալիքները պարտադիր կարգով ունենան անվտանգության հավաստագիր, դա կլինի խնդրի լուծման հիմնական եղանակը »,- ասաց Սպառողների միության նախագահը:

Այսօր Երևանում կան մանկական հագուստի գծով մասնագիտացված խանութներ, որոնց պատասխանատուները հավաստիացնում են, որ իրենք համագործակցում են հայտնի ֆիրմաների հետ, որոնց արտադրանքը որակի և անվտանգության առումով աշխարհում քննություն է անցել։ Ֆիրմայի հայտնի լինելն, իհարկե, հուսալիության ու անվտանգության երաշխիք կարող է լինել, սակայն մեր պարագայում շատ կարևոր հանգամանք է այն, որ մանկական հագուստի մասնագիտացված խանութներից օգտվելը ոչ բոլորին է հասանելի և սպառողների մեծ մասը ստիպված է լինում մանկական հագուստ ձեռք բերել տոնավաճառներում և ոչ մասնագիտացված խանութներում։ Իսկ այդ կետերում առաջարկվող մանկական հագուստի մեծ մասը չինական արտադրության է, որոնց հետազոտություն Երևանում չի արվում։

«Չինական արտադրության հագուստը մեզ համար կասկածելի է: Այն ներկերը, լաքերը, քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են և ապրանքի, և փաթեթավորման մեջ, կարող են դառնալ շնչառական ուղիների և մաշկային հիվանդությունների պատճառ»,-ասաց Արմեն Պողոսյանը:

Փաստորեն, քանի դեռ մանկական հագուստը ենթակա չէ պարտադիր սերտիֆիկացման, վերահսկողության հարցը մնում է չկարգավորված և անորոշ, իսկ սպառողների շահերի պաշտպանները սպառողներին կոչ են անում լինել ավելի զգոն և ուշադիր:

Աղբյուր`http://www.panorama.am