Կրկին ներխուժել են «Հանրապետության» գրասենյակ

«Հանրապետություն» կուսակցության գրասենյակ կրկին գողեր են մտել: Սա արդեն թվով երկրորդ դեպքն է մեկ ամսվա ընթացքում:
Տակնուվրա արված փաստաթղթերն այսօր առավոտյան հայտնաբերել է կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ով երեկ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում փակել էր գրասենյակի դուռը և գնացել:
«Ամեն ինչ տակնուվրա է արված, դարակներս դարձյալ քրքրված են, ծրարները` պատռված: Ակնհայտորեն ինչ-որ բան են փնտրել»,- «Ա1+»-ին ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա հավաստմամբ` անհայտ անձինք կուսակցություն մուտք են գործել ոչ թե դռնով, այլ պատշգամբով, քանի որ պատշգամբի դուռը նա բաց էր գտել:
Եթե նախորդ անգամ` դեկտեմբերի 13-ին գրասենյակ ներխուժած չարագործներին հետաքրքրել էր համակարգչի մոնիտորը և ևս մի քանի այլ մանր իրեր, այս անգամ նրանց միայն փաստաթղթերն են հետաքրքրել: «Բացի իմ սենյակի փաստաթղթերի խառնաշփոթից, դարակի խառնաշփոթից, ինչ-որ փաստաթղթեր են քրքրել նաև քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի, նաև խորհրդակցությունների սենյակում»,- նշեց նա և հավելեց, որ դեռ որևէ բացակայող փաստաթուղթ չի գտել, սակայն դեռ կհասցնի բացահայտել, թե որևէ փաստաթուղթ պակաս է, թե ոչ:
Արտակ Զեյնալյանը համոզված է, որ այս ամենն ուղղված է իր հասարակական- քաղաքական, ինչպես նաև իրավապաշտպան գործունեության դեմ: «Բայց ես չեմ դադարեցնելու իմ գործունեությունը, ինչպես աշխատել եմ, նույն ինտենսիվությամբ էլ շարունակելու եմ աշխատել»,- հավաստիացրեց իրավապաշտպանը:
Ի դեպ, այսօր կուսակցության գրասենյակ են այցելել ոստիկանության աշխատակիցները, որոնք տեղազննության աշխատանքներ են իրականացրել: Որևէ մատնահետք դարձյալ չի հայտնաբերվել:

Աղբյուր՝www.a1plus.am