ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Բնակիչներն ակտիվ չեն»

«Մենք ենք այս քաղաքի տերը» բնապահպանական նախաձեռնության անդամներն այսօր այցելել են Նալբանդյան 102 հասցեում գտնվող ՀՀ Ոստիկանության «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքը:
Հիշեցնենք, որ 2010-ի մարտի 18-ի որոշմամբ' վաճառքի ձևով այն օտարվել է «Ավագ Շին» ՍՊԸ-ին' էլիտար շենք կառուցելու նպատակով, որի առաջին հարկում շինարարության ավարտից հետո կրկին կտեղակայվի Ոստիկանության մանկապարտեզը :
Նախաձեռնող խմբի անդամների հավաստմամբ' իրենք ուզում էին տեսնել, թե ինչ է կատարվում այդ տարածքում, արդյոք հատվել են հարակից ծառերը:
«Շինության մեծ մասն արդեն քանդել են, մոտ 15 ծառ էլ հատվել է, սակայն բնակիչներն այնքան էլ ակտիվ չեն, ինչպես «Վիշապի կոթողներ» այգու շինարարության ու ծառահատման ժամանակ: Նրանց մի մասը նույնիսկ կողմ է, որպեսզի այդ տարածքում կառուցվի 16 հարկանի շենք»,- «Ա1+»-ին ասաց նախաձեռնության ակտիվ անդամ Լուսինե Բեքարյանը:
Նախաձեռնության անդամներից Վահրամ Սողոմոնյանը ևս վստահեցրեց, որ այդ ծառահատումները կամայական են. «Դրանք ապօրինաբար են հատվում. ոչ դենդրոլոգի թույլտվություն կա, ոչ էլ որևէ նախագիծ: Իսկ եթե բնակիչները պատրաստակամ լինեն, մենք պատրաստ ենք օգնել»:
Քաղաքաշինական նոր նախագծերի իրականացմանը հետևող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները երիտասարդ ճարտարապետների խումբ են կազմել' նրանց հետ քննարկելու նախկին մանկապարտեզի և բնակելի շենքերի հարակից տարածքում էլիտար շենք կառուցելու խնդիրը:
«Մեր և ճարտարապետների դիրքորոշումն այն է, որ այդ տարածքում պետք է միայն հանգստի գոտի լինի, քանի որ այն ետնաբակ է համարվում, և այդտեղ էլիտար շենք կառուցելը հակասում է քաղաքաշինության սկզբունքներին»,-նշեց Վահրամ Սողոմոնյանը:
Աղբյուր' www.a1plus.am
