ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Եհովայի վկաները դատի են տվել Գևորգ Ալթունյանին

Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գևորգ Ալթունյանն «Առավոտ» թերթին հայտնել է, որ երեկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ստացել է մի հսկայական հայցադիմում, որի համահայցվորներն են ՀՀ-ում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն ու մի շարք քաղաքացիներ:
Հայցադիմումը վերաբերում է «Տեսանկյուն» հաղորդաշարի նոյեմբերի 11-ի թողարկմանը, որի ընթացքում Գևորգ Ալթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սևանում կատարվածին. Արման Խաչիկի Թորոսյանը սեփական ծնողներին խոշտանգելով սպանել էր: Վերջինիս մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո բնակարանից փախուստի պահին ասում. «Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները...»:
Նույն պնդումներին հաղորդման մեջ անդրադարձել էր նաև Գևորգ Ալթունյանը: Նշենք, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը նոյեմբերի 11-ի միայն ուշ երեկոյան` ժամը 22.21-ին տարածեց հաղորդագրություն, թե Արման Թորոսյանը «Եհովայի վկա չէ, ոչ էլ երբևէ առնչություն է ունեցել Եհովայի վկաների հետ»:
Ըստ թերթի` վերջին պնդումն առնվազն զարմանալի է, քանի որ Եհովայի վկաների հետ ուղղակի հնարավոր չէ երբևէ առնչություն չունենալ` նրանք և´ մեր դռներն են ծեծում, և´ կանգնեցնում փողոցներում:
Այժմ հայցվորները պահանջում են, որպեսզի պատասխանող հեռուստաընկերությունը հերքի «Տեսանկյուն» հաղորդաշարի ընթացքում տարածված այն հայտարարությունը, թե Արման Թորոսյանը Եհովայի վկա է:
Աղբյուր`http://www.panorama.am
