ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեքշաբթի առավոտյան Երևան է ժամանել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցի կապակցությամբ Հայաստանի «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն» անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին ազատ արձակելու պահանջով պիկետ է սկսում «Արմենիա - Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ իջևանելու է Համարբերգը:
Սպասվող ակցիայի և դրա ընթացքում ներկայացվելիք պահանջների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների կոմիտեի» անդամ Դավիթ Մաթևոսյանը ասաց. - «Թոմաս Համարբերգը որոշակի դրական ազդեցություն ունի մեր այլևս «նախկին քաղբանտարկյալ» կարգավիճակի համար, այսինքն` մեր ազատ արձակման գործում: Մի կողմից, դա անձնապես կլինի երախտագիտության արտահայտություն, մյուս կողմից` մենք Թոմաս Համարբերգին դիտարկում ենք որպես եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես` Եվրախորհրդի դեսպան Հայաստանում գտնվելու պայմաններում, և ուզում ենք մեր դժգոհությունը արտահայտել այն բանի համար, որ մեր 8-9 ընկերներ շարունակում են մնալ բանտերում, և մեր հոգեվիճակը ազատ արձակվելուց հետո չի փոխվել, որովհետև մենք բավականին մտածելու բան ունենք այդ առումով»:
«Ձեր կարծիքով, ինչ-որ դրական ազդեցություն կունենա՞ պարոն Համարբերգի այցելությունը, և դրան արդյո՞ք կհետևի անազատության մեջ գտնվող ընդդիմադիր որոշ ակտիվիստների ազատ արձակումը», - այս հարցին Դավիթ Մաթևոսյանը արձագանքեց. - «Այն, որ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հերթական անգամ այցելում է Հայաստան, այլևս ինչ-որ բան նշանակում է, սակայն ծանոթ լինելով մեր ավտորիտար իշխանությունների վարքագծին և անցած լինելով որոշակի ճանապարհ` կարծում եմ, որ նրանք հերթական անգամ կփորձեն հանձինս Համարբերգի Եվրոպային ներկայացնել ինչ-որ հեքիաթներ և կաշխատեն վերջին քաղբանտարկյալներին անգամ պահել բանտերում այնքան ժամանակ, որքան կարող են»:
Իսկ Հայաստանի իշխանությունների վրա Համարբերգի հնարավոր ազդեցության վերաբերյալ, թե «ի՞նչ ճանապարհով նա կարող է համոզել Հայաստանի իշխանություններին` ազատ արձակել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր ակտիվիստներին», «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների կոմիտեի» ներկայացուցիչը ասաց. - «Հայաստանի իշխանությունները բավարար գիտակցություն չունեն` համոզելու կամ բացատրելու ճանապարհով ընկալելու, Հայաստանի իշխանությունների նկատմամբ պետք է ճնշում գործադրեն եվրոպական ժողովրդավարական ինստիտուտներից: Հայաստանը այնքան խոցելի երկիր է, Հայաստանի իշխանությունները այնքան խոցելի են, որ ճնշումների բազմաթիվ ձևեր կարող են կիրառվել: Համոզելով չի լինի»:
Աղբյուր՝http://www.azatutyun.am
