2011-ը` անտառների պահպանության տարի: Իրավիճակը ներկայացրեցին Երևանը, Մոսկվան, Կիևն ու Աստանան

2011-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հայտարարել է անտառների պահպանության տարի: Այս առիթով Նյու-Յորքում անցկացվում է ՄԱԿ-ի անտառային ֆորումի 9-րդ նստաշրջանը: Այն մեկնարկելու է այսօր ու շարունակվելու է մինչև փետրվարի 4-ը: 

Մասնագետները հատկապես նշում են, որ անտառները ոչ միայն մաքուր օդի ու կենսաբազմազանության աղբյուր են, դրանք մարդկանց սնունդ, վառելիք ու օթևան են տալիս, մոլորակի կլիմայի ձևավորման հարցում հսկայական դեր են խաղում:

Այսօր' անտառների պահպանության տարվա մեկնարկի օրը, մասնագետները անտառի խնդիրների մասին խոսեցին Երևան-Մոսկվա-Կիև-Աստանա տեսակամուրջի ժամանակ: Ռուսաստանի ներկայացուցիչ ՌԴ Անտառային տնտեսության դաշնային գործակալության Անտառների օգտագործման և վերարտադրության վարչության պետ Ալեքսանդր Մարինը նշեց, որ այս տարվա ընթացքում պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել անտառների պահպանության խնդրին: Նրանք խոսեցին անտառների պահպանության հարցում իրենց երկրներին բնորոշ խնդիրների մասին:

Հայաստանի ներկայացուցիչ «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր մասնագետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ վերջին մի քանի տարվա ընթացքում, հաշվի առնելով տնտեսական ու մի քանի այլ գործոններ, երկրի անտառհատվածները զգալիորեն տուժել են:

«2005 թվականից սկսած արդեն այս ոլորտի համար ներդրումների թիվն ավելացել է ու շուրջ 3 հազար հեկտար նոր անտառներ ենք տնկել: Քանի որ անտառային ոլորտում տեխնիկական հագեցվածությունն այնքան էլ բարձր չէ, ու այս տարիների ընթացքում ներդրումները նույնպես շատ չեն եղել, դրա համար էլ կարելի է ասել, որ ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները»,-ասաց Ռ. Պետրոսյանը: 

«Հայանտառ»-ի ներկայացուցիչը նշեց, որ այս տարի շարունակվելու է անտառվերականգնման ծրագիրը, WWF-ի ծրագրի համաձայն, շուրջ 150 հա տարածություն նոր անտառ է տնկվելու: 

Անդրադառնալով աշխարհի շատ երկրներում 2010-ին գրանցված անտառային հրդեհներին, Ռ. Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը նույնպես չկարողացավ դրանից զերծ մնալ: Չնայած նրան, որ ամառվա ընթացքում հնարավոր եղավ զերծ մնալ հրդեհներից, այնուամենայնիվ, պատասխանատուն նշեց, որ աշնան վերջին, նաև ձմռանը, մասնավորապես դեկտեմբերի վերջին, շուրջ 800 հա անտառային տարածք է այրվել:

Աղբյուր'  www.panorama.am