ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տնօրենը պատասխանատու չէ՞ իր դպրոցի սաների համար

Հունվարի 25-ին ՀՀ վարչական դատարանում շարունակվեց Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին տնօրեն Մերուժան Ենգիբարյանի հայցն ընդդեմ Կրթության և գիտության նախարարության գործի նախնական դատաքննության փուլը:
Հիշեցնենք, որ Ենգիբարյանը գործատուի մոտ վստահությունը կորցնելու հիմքով (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 113-րդ հոդված, 1-ին մաս, 7-րդ կետ) ազատվել է տնօրենի պաշտոնից այն բանից հետո, երբ դատարանը մեղավոր է ճանաչել նույն դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Լևոն Ավագյանին իր սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ: Տնօրենը պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին ակտը և իրեն վերականգնել թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնում:
Դատարանում կողմերի ներկայացուցիչները դատավոր Արծրուն Միրզոյանին ներկայացրեցին հավելյալ ապացույցներ:
Ենգիբարյանի ներկայացուցիչ Մելս Մանուկյանը դատարան էր բերել թիվ 11 դպրոցի մասին արված հրապարակումներ և շրջանավարտների հիշողություններ, որոնք, նրա խոսքերով, բնութագրում են իր վստահորդի բարոյական կերպարը «միանգամայն դրական կողմերով»:
«Լևոն Ավագյանը դատապարտվել է, ի՞նչ կապ ունի դրա հետ տնօրենը»,- հռետորական հարց հնչեցրեց հայցվորի փաստաբանը:
ԿԳՆ իրավաբանական վարչության մասնագետ Լիլիթ Վարդանյանը կրկին ընթերցեց «Հանրակրթության մասին» օրենքի, հատուկ դպրոցի օրինակելի կանոնակարգի և այլ իրավական փաստաթղթերի այն հատվածները, որոնք վերաբերում են դպրոցի տնօրենի գործունեությանը և աշխատանքային պարտականություններին: Տնօրենը պատասխանատու է իր կադրերի ընտրության համար, ինչպես նաև իր դպրոցի սաների առողջության և անվտանգության պահպանման համար:
Դատավորը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված: Դատաքննությունը կկայանա փետրվարի 22-ին, ժամը 14:30-ին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
