ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՀ վարչապետ: Այս նախագիծն ունի լուրջ քաղաքական բովանդակություն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց օրենսդրական փաթեթ, որում ներառված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքում, վարչական իրավախախտումների, վարչական դատավարության, քրեական օրենսգրքերում , «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերում պետք է լրացումներ և փոփոխություններ կատարվեն:
Փոփոխություներ են առաջարկվում նաև «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Դատախազության մասին» «Ոստիկանության մասին» օրենքներում:
Հ.Թովմասյանի խոսքերով, նախագծերի փաթեթի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարվա սկզբներից և դրա անհրաժեշտությունը պայմանվորված է ԵԽԽՎ-ի մի շարք բանաձևերով' ոլորտում արձանագրած խնդիրներով, ինչպես նաև մարտի 1-ի իրադրաձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ նշված միջոցառումների ցանկով: Փաթեթի մշակմանը մասնակացել են մի շարք միջազգային փորձագետներր:
Ըստ նախարարի, օրինագծերի այս փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև 2005թ.-ի սահմանադրական փոփոխություններով, որից հետո հասկացությունների միասնականության ապահովման անհրաժեշտություն կար: Օրինագծերում հաշվի են առնվել այդ ոլորտում առկա խնդիրները' կապված իրազեկումների, դատական պրոսեցների, ժամկետների հետ: Ուստի,
Հ.Թովմասյանի խոսքերով, այս փաթեթը կոչված է այս խնդիրների լուծմանը. միմյանցից տարանջատված են քաղաքական հավաքները սովորական այլ միջոցառումներից, այլ ծիսակատարություններից, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում էլ համապատասխան փոփոխությունները վերաբերում են այլ բնույթի հավաքների կազմակերպմանն ու անցկացմանը: Հստակ կանոնակարգված է ինչպես շտապ հավաքների, այնպես էլ ինքնաբուխ հավաքների հետ կապված հարաբերությունները, և այս ոլորտում լիազոր մարմնի և ոստիկանության լիազորությունները:
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի խոսքերով էլ , այս լուրջ օրենքը չէր կարելի մեկ ժամ առաջ ուղարկել իրենց, որպեսզի դրա հիման վրա կարծիք ներկայացնեն:
«Ինչ ներկայացվում է' անհասկանալի է: Ես հարգանքով եմ վերաբերվում Ձեր անձին, բոլոր փորձագետներին, բայց չի ընկալվում այն, որ 8-րդ կետում նշվում է, թե ազգային անվտանգության աշխատակիցները իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս իրավունք չունեն մասնակցել հավաքներին, բայց շարունակում են մասնակցել: Հավաքներին մասնակցելիս նրանք պետք է քաղաքական չեզոքություն, զսպվածություն ցուցաբերեն: Նախ անհասկանալի է, թե ինչ է նշանակում մասնակցել: Մենք ընդհանրապես չենք մասնակցում, մասնակցել նշանակում է ելույթ ունենալ, ծափ տալ: Ներկա լինել հարցը պետք է պարզ գրվի: Եթե լինեն զանգվածային անկարգություններ, հազարավոր մահեր, մարտի 1-ին ով էր ամբողջը ֆիքսում, մենք օնլայն տալիս էինք ամբողջ ինֆորմացիան»,- նշեց Գ.Հակոբյանը:
«Ես ենթադրում եմ, որ օրենք գրողները ընդհանրապես չեն հասկացել' ինչ են գրում: Մեր օրենքում գրված է , որ իրավունք չունենք կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ ծառայողական պարտականությունների չկատարմամբ պայմանավորված մասնակցել ցույցերի: Կոնկրետ ուզում եմ հարցի պատասխանը հասկանալ, այդ եվրոպական փորձագետները ընդունում են , որ մենք պետք է ներկա գտնվենք, թե' ոչ»,- ընդգծեց ԱԱԾ պետը:
Հ.Թովմասյանը նկատեց, որ պետք չի միջազգային փորձագետներին և իրավաբաններին մատնանշել, խորհուրդ տվեց ՀՀ Սահմանադրությունը կարդալ' մասնավորապես 29-րդ հոդվածը, որտեղ խոսքը գնում է միայն համապատասխան ծառայություններում ծառայողների իրավունքների սահնափակման մասին, այլ ոչ թե արգելման մասին:
Նշենք, որ նախարարի պարզաբանման ժամանակ Գ. Հակոբյանը շարունակում էր բարձրաձայն դժգոհել, այնուհետև միկրոֆոններն անջատվեցին, ապա միջամտեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ օրենքում կան հոդվածներ, որոնք անհրաժեշտ են խմբագրել. ԱԱԾ-ի պետին ասաց, որ միասին կաշխատեն, նրա բարձրացրած հարցը կդառնա քննարկման առարկա: Այնուհետև կներկայացնեն ԱԺ:
«Իհարկե՝ այս նախագիծն ունի լուրջ քաղաքական բովանդակություն, սրա վրա նաև միջազգային փորձագետներն են աշխատել, որպեսզի այն համապատասխանի միջազգային պարտավորություններին, և մենք պարտավոր ենք փոփոխություններն ու շտկումները կատարել, ինչը բխում է միջազագային իրավունքների ստանդարտներից»,- ասաց Տ. Սարգսյանը:
Աղբյուր` www.panorama.am
