«Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը իրականացնում է «APRA»-ն

2011 թ. հունվարից «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA) սկսել է իրականացնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) «Յուրաքանչյուր երեխա պետք է ընտանիք ունենա» ծրագրի տեղեկատվական-հաղորդակցական արշավը: Այս մասին տեղեկացնաք «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայից»:

Արշավի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու և դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է և որ որևէ դեպքում և պատճառաբանությամբ չպետք է երեխային հանձնել մանկատուն:

Արշավը ենթադրում է սերտ համագործակցություն լրատվամիջոցների հետ: Մասնավորապես կկազմվի 20 լրագրողներից բաղկացած խումբ, որը կապահովի ծրագրի բոլոր գործողությունների լուսաբանումը: Խմբի անդամներին կտրվեն տեղեկատվական փաթեթներ Հայաստանում այդ ոլորտում առկա վիճակի, իրականացվող քաղաքականության, օրենսդրական դաշտի, ծրագրերի, ինչպես նաև հարևան երկրների հաջող փորձի և այլն վերաբերյալ:

Ծրագրային գործողությունները, որոնց անմիջականորեն կմասնակցեն լրագրողները հետևյալներն են` հանդիպումներ, կլոր սեղան-քննարկումներ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների, պետական մարմինների (մասնավորապես Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի և այլն) ներկայացուցիչների, քաղաքական, մշակութային գործիչների հետ:

3 համերգ Վանաձորում, Գյումրիում և Գավառում` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամիմանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Լրագրողներին պարբերաբար կտրվեն ծրագրի հետ կապված տեղեկատվական նյութեր և թեմաներ հեղինակային նյութեր պատրաստելու համար: Հեռուստակոնֆերանս Երևան-Լոս Անջելես` նվիրված երեխաներին ընտանիք վերադարձնելու հիմնախնդրին: Յուրաքանչյուր եռամսյակ 3-4 լրագրող կստանա մրցանակ լավագույն նյութի համար: Ծրագրի տևողությունն է 1 տարի է:

Աղբյուր`panorama.am