Դատարանը բավարարեց պատգամավորների հայցն ընդդեմ «Հայկական ժամանակի»

Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի փոխհատուցման պահանջով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայցի դատավճիռը հրապարակվեց այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի վարչական դատարանում: 

Հայցադիմումի պատճառ էր հանդիսացել 2010-ի հոկտեմբերի 14-ին «Ութից յոթը ցուցակում են» հոդվածը, որտեղ թերթը գրել էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել ու Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որտեղ նշված են եղել վերոհիշյալ երեք պատգամավորների անունները:

Պատգամավորները հերքման պահանջ են ներկայացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն և պահանջել են յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաև 500.000-ական դրամ են պահանջել դատական ծախսերի փոխհատուցման համար: Ընդհանուր առմամբ պատգամավորները «Հայկական ժամանակ»-ից պահանջել են 7.5 միլիոն դրամ:

Մեկնաբանելով հոդվածը` երեք պատգամավորների փաստաբան Անահիտ Սարդարյանը հավաստիացրել էր, որ հոդվածն ակնհայտ ապատեղեկատվություն է և ԶԼՄ-ի կողմից իր իրավունքների սահմանազանցում:
«Այս տեղեկությամբ պատգամավորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն է արատավորվել», - հայտարարել էր Անահիտ Սարդարյանը:

Դատարանի որոշմամբ` հայցը բավարարվել է մասնակի: Դատարանը վճռել էր, որ օրաթերթը որպես փոխհատուցում պետք է պատգամավորներից յուրաքանչյուրին վճարի 2 միլիոն 44.000 դրամ:
«Վճռի հետ համաձայն չենք և մտադիր ենք այն բողոքարկել նախ վերաքննիչ, այնուհետև վճռաբեկ դատարանում», - www.hra.am կայքի հետ հեռախոսազրույցում ասաց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն, թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը:

Հասմիկ Հարությունան

Աղբյուր՝ www.hra.am