ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Չորս զինծառայող է ձերբակալվել հայ զինվորի մահվան գործով

Հայաստանում չորս զինծառայող է ձերբակալվել զորամասերից մեկում զինվորի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Գևորգ Կոտինյանը մահացել է նախորդ կիրակի արտակարգ պատահարի հետևանքով, որը տեղի է ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:
Զինվորական դատախազության տվյալների համաձայն՝ ձերբակալվել են շարքային Տարոն Սուվարյանը և Վահե Աղաջանյանը, ինչպես նաև սերժանտ Մարգար Դավթյանն ու ավագ լեյտենանտ Արմեն Ռաֆայելյանը:
«Այս գործը սկզբից գտնվել է Զինվորական դատախազության հատուկ ուշադրության կենտրոնում, և դրանով է պայմանավորված, որ Զինվորական դատախազության հատուկ կարևոր գործերի բաժնի դատախազն անմիջապես գործուղվել է հանցագործության վայր», - ՀՀՀ-ի եթերում հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
Միաժամանակ նա նշել է, որ անձամբ է վերահսկելու այս գործի քննության օրինականությունն ու օբյեկտիվությունը: Կոստանյանը հավաստել է նաև, որ ձեռնարկելու է հնարավոր բոլոր միջոցները օբյեկտիվ քննության անցկացման համար:
«Դրանով է պայմանավորված բազմաթիվ փորձաքննությունների, այդ թվում նաև դատաբժշկական փորձաքննության անցկացումը, որոնք ցուցմունքների հետ միասին կարող են միանշանակ հիմնավորել և ամբողջովին վերականգնել տեղի ունեցածի հանգամանքները», - ասել է Կոստանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայ զինծայառողի մահվանը հանգեցրած արտակարգ միջադեպի պատճառը դարձել է միջանձնային հարաբերությունների խախտումը:
Աղբյուր՝ http://newsarmenia.am
