ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
«Զբաղվածության պետական ծառայություններից քաղաքացիների դժգոհությունը արդարացի է»
«Զբաղվածության պետական ծառայություններ դիմած քաղաքացիների դժգոհությունը լիովին արդարացված է»,-Panorama.am-ի այն հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված նշված ծառայություններում կուտակված հերթերն ու քաղաքացիների այլ բողոքները, պատասխանեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ` Ցողիկ Բեժանյանը:
Նշենք, որ օրերս Panorama.am-ի խմբագրություն էր դիմել մի քաղաքացի, ով դժգոհում էր Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի զբաղվածության կենտրոնում իրեն չհաշվառելուց:
Ծառայությունում վերջինին հորդորել էին դիմել մեկ ամիս հետո:
Ց. Բեժանյանը նշեց, որ զբաղվածության պետական ծառայությունում հաշվառված անձին գործազուրկի կարգավիճակ տրամադրելու (գործազրկության նպաստ նշանակելու) համար անհրաժեշտ է մի շարք տեղեկանքներ, այդ թվում նաև տեղեկանք իրավասու մարմնից ` անձի կենսաթոշակ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի) չստանալու մասին, տեղեկանք` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումների կատարման կամ աշխատավարձ ստանալու ժամկետների մաuին, տեղեկանք աշխատանք փնտրող անձի անվամբ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության կամ վարձակալության իրավունքի բացակայության մասին:
«Կան տեղեկանքներ, որոնք ներկայացնում է անձը, իսկ վերոնշյալ տեղեկանքները ստացվում է զբաղվածության կենտրոնի կողմից` համապատասխան իրավասու մարմիններին արված հարցումների միջոցով»,-ասաց բանախոսը և հավելեց, որ կան դեպքեր, երբ անձը փաստացի բնակվում է մի տարածքում, սակայն գրանցված է մեկ այլ տարածքում: Նա նշեց, որ նման դեպքերում նրան հնարավորություն է տրված հաշվառվել փաստացի բնակության վայրի զբաղվածության կենտրոնում:
«Սակայն կենտրոնը պարտավոր է հարցման միջոցով ճշտել, արդյո՞ք անձը հաշվառված չէ գրանցման վայրի տարածքային կենտրոնում և եթե հաշվառված է, ինչպիսի սոցիալական երաշխիքներից է օգտվել»,- ասաց Ցողիկ Բեժանյանը
Բաժնի պետը հայտնեց, որ վերոնշյալ հարցումների պատասխանների ստացումը կարող է տևել մեկ շաբաթից մինչև մեկ ամիս, երբեմն ավելի, որը հաճախ առաջացնում է կենտրոն դիմած քաղաքացիների արդարացի դժգոհությունը:
«Եվ վերջապես, ակնհայտ իրողություն է, որ վերջին երեք տարիներին մեծացել է զբաղվածության կենտրոնների ծանրաբեռնվածությունը, իսկ առանձին կենտրոններ, որոնց թվում նաև Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության կենտրոնը` պայմանավորված համայնքի աշխատաշուկայի առանձնահատկություններով, աշխատում են գերլարված և հնարավոր են դեպքեր, երբ կենտրոն դիմած ոչ բոլոր քաղաքացիներին է հնարավոր նույն օրը հաշվառել. մեկ անձի խորհրդատվության և հաշվառման համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը 30-40 րոպե է, որը նշանակում է օրվա ընթացքում հնարավոր է ընդունել լավագույն դեպքում 15 քաղաքացի, մինչդեռ օրվա ընթացքում կենտրոն դիմողների թիվը կարող է հասնել մինչև 30 և ավելիի»,- ներկայացնելով իրավիճակը ասաց նա:
Աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետը հայտնեց, որ այժմ աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների տեղեկատվական բազաների արդիականացման և միմյանց կապելու ուղղությամբ, որը զբաղվածության կենտրոնին հնարավորություն կտա օրենսդրական ակտերով սահմանված տեղեկատվությունը ստանալ արագ, այդպիսով շահել ժամանակ և ապահովել քաղաքացիների որակյալ սպասարկումը:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ՀՀ կառավարության կողմից գործազրկության նպաստը սահմանվել է 18 հազար դրամ: Նախկինում գործազրկության նպաստը սահմանվում էր նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի չափով, իսկ ըստ փետրվարի 5-ին ուժի մեջ մտած «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի, գործազրկության նպաստի չափը յուրաքանչյուր տարի սահմանվելու է ՀՀ կառավարության կողմից:
Աղբյուր`http://panorama.am
