Վանաձորում 4 մանկապարտեզներ դեռ մի քանի տարի կմնան տնակային պայմաններում

Վանաձորում 4 մանկապարտեզ արդեն 20 տարուց ավելի գործում է տնակներում, իսկ մանկապարտեզի հիմնական տիպային մասնաշենք կառուցելու վերաբերյալ կառավարության որոշում կամ ծրագիր առայժմ չկա:

Դա նշանակում է, որ այդ նախակրթարանները առաջիկա մի քանի տարիներին ևս կգործեն տնակային պայմաններում ու կջեռուցվեն փայտե վառարաններով: Հետաքրքիրն այն է ` երեխաների թվով ամենամեծ մանակապարտեզները Վանաձորում հենց տնակայիններն են, հետևաբար, ոլորտի մասնագետները օպտիմալացում կազմակերպելն անհեռանկարային են համարում:

«Տնակային այս պայմանները համարվում են ժամկետանց, քանի որ տնակները 20 տարուց ավելի տարիք ունեն ու համարվում են ֆիզիկապես մաշված: Կարկուտը պատուհաններն է կոտրել, քամին տանիքն է վնասել, իսկ հատակն այնքան է մաշվել, որ անցուդարձ անելիս զգուշանում ենք , որ երեխաները չընկնեն ու հանկարծ չվնասվեն»,- ասում է Վանաձորի թիվ 8 նախակրթարանի տնօրեն Աննա Դարբինյանն ու հավելում. «20 տարվա ընթացքում մեկ անգամ միայն նախակրթարանի տանիքն է վերանորոգվել»:

Աղբյուր՝ http://news.am