ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Աշխատավարձ չեն ստացել վարչապետի իմացությամբ

Մոտ 120 գիտական կազմակերպությունների, այդ թվում` Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի, Գիտությունների ազգային ակադեմիայի և պետական բուհերի աշխատակիցները մինչ օրս չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը:
Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին Մատենադարանի աշխատակիցները` նշելով, որ իրենց հաշվապահությունից ասել են, թե Գիտության պետական կոմիտեի գիտական ֆոնդի վրա կալանք է դրված և այդ պատճառով գիտական ոչ մի աշխատակից չի կարող ստանալ իր աշխատավարձը:
Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փետրվարի 7-ին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստորագրեց իրենց աշխատակազմի ղեկավար` Կարեն Հայրապետյանի` աշխատանքից ազատման դիմումը, նույն օրը ՀՀ Ֆինանսների նախարարությանը նաև մի հանձնարարական էր տվել:
Այդ հանձնարարականով գիտական պետական կոմիտե պետ.բյուջեից փոխանցվող գումարներն օգտագործել հնարավոր է միայն վարչապետի գրավոր համաձայնությամբ: «Մենք այսօր արդեն կառավարությունից ստացել ենք համաձայնություն, որով մեզ թույլատրվում է վաղվանից կատարել բոլոր գիտական հիմնարկների ֆինանսավորումը: Վաղն արդեն բոլոր գիտական աշխատողները կստանան իրենց հունվար ամսվա աշխատավարձերը»,- հավաստիացրեց Լևոն Մարդոյանը:
Աղբյուր՝ www.a1plus.am
