Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության մամլո հաղորդագրությունը

2011թ. փետրվարի 24-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովին' գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկելու և ընդունելու նպատակով:

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնությունը ողջունում է օրենքի նախագծում տեղ գտած մի շարք դրական փոփոխությունները, որոնց արդյունքում  

-հանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի համար սահմանված նպաստների տրամադրման վերին շեմը,

-ժամանակավոր անաշխատունակության նպաստի վճարման համար հաշվարկային օրեր են համարվում ոչ միայն աշխատանքային, այլև տոն օրերը,

-նախատեսվել է փոփոխությունների հետադարձ ուժ:

Հասարակական նախաձեռնությունը, միաժամանակ, իր մտահոգությունն է հայտնում օրենքի նախագծի մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ, համաձայն որոնց

-Ժամանակավոր անաշխատունակության բոլոր նպաստները հարկվելու են,

-հղիության և ծննդաբերության անաշխատունակության դեպքերից բացի ժամանակավոր անաշխատունակության մյուս բոլոր դեպքերի նպաստների համար պահպանվում է փոխհատուցման վերին շեմը' նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հասարակական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ ազգային ժողովին'

-նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական վիճակը և երկրում ծնելիության խթանման անհրաժեշտությունը'  հղիության և ծննդաբերության նպաստների հաշվարկման համար հիմք ընդունել աշխատող կնոջ համախառն եկամուտը, ինչպես նախատեսում էր նախկինում գործող' «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքը կամ տրամադրվող նպաստի համար եկամտահարկ ու սոցիալական վճարներ գանձելու պարագայում ներկայացնել օրինագիծ' գոյացած միջոցներից գործազուրկ կանանց հղիության և ծննդաբերության նպաստ տրամադրելու մասին, 

-նկատի ունենալով ՀՀ բոլոր քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը' ժամանակավոր անաշխատունակության այլ դեպքերի համար (հղիության և ծննդաբերության արձակուրդից բացի) մինչև 5 տարի աշխատանքային ստաժ ունեցող աշխատողներին փոխատուցել նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ 5 տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցողներին միջին աշխատավարձի 100%-ի չափով:

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնություն