Տիգրան Փոստանջյանը հրաժարվել է ցուցմունք տալ

ԱԱԾ ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող Տիգրան Փոստանջյանն այսօր հրաժարվել է մասնակցել որևէ քննչական գործողության:

«Տիգրանը այսօր առհասարակ հրաժարվեց ԱԱԾ-ում որևէ ցուցմունք տալ: Քր. դատ. օրի 190 հոդվածի համաձայն` ԱԱԾ-ն ընդհանրապես իրավունք չունի քննել նման գործեր»,- այսօր «Ա1+»-ին ասաց Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Այսօր ժամը 14.30-ից մինչև 18.00-ն փաստաբանը գտնվել է ԱԱԾ-ում. «Մեկ ու կես օր նա պահվել է մեկուսարանում: Նրան առանց սափրվելու, լողանալու հնարավորություն տալու ցանկանում էին նկարահանել: Պատկերացրեք մարդուն ցանկանում էին այդ տեսքով նկարահանել և հետո կցուցադրեին և կասեին` տեսեք հանցագործ է` առանց հաշվի առնելու, որ այդ մարդը դպրոցահասակ երեխաներ ունի, որոնք կարող են տեսնել, նրանց ընկերներն են տեսնելու և հետո դպրոցում քննարկելու են: Ես դա համարում եմ էժանագին մեթոդ` մարդուն կոտրելու համար: Նկարահանումը տեղի չունեցավ, քննիչը հասկացավ, որ անմեղության կանխավարկած գոյություն ունի»:
Հիշեցենք, որ երեկ նա հրավիրվել է ԱԱԾ և ձերբակալվել: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր` Տիգրան Փոստանջյանի դեմ ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ապօրինի վարձատրություն ստանալու համար:
Տիգրան Փոստանջյանի ձերբակալման 72-րդ ժամը կլրանա փետրվարի 26-ին: Եթե դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի կալանքը, ապա նրան կշարունակեն պահել ԱԱԾ ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում:

Աղբյուր՝ http://www.a1plus.am