Դատապարտում ու ճանաչում` երիտասարդները հայտարարությունը հանձնեցին ՄԱԿ

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներքո համախմբված երիտասարդների վերջնակետը, ուր անկախ իրենց քաղաքական հայացքներից երիտասարդները երթով , ինչպես նաև «Ճանաչում» ու «Դատապարտում» կարգախոսներով հասան կեսօրից հետո:

Նպատակը, որ համախմբել էր նրանց, 1988-1990թթ. Սումգայիթի ջարդերի բարձրաձայնումն էր ու իրավական գնահատական տալու անհրաժեշտությունը:

Տերյան փողոցից ՄԱԿ գրասենյակ հասած շուրջ 40 երիտասարդական կազմակերպությունների անդամները պահանջում են դատապարտել ադրբեջանցիների կողմից ծրագրված հայերի կոտորածները` հիշատակելով Նյուրնբերգյան գործընթացները.
«Պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրությունը ու կազմակերպությունները դատապարտեն 1988-1990 թթ.հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և դրան տան քաղաքական գնահատական, քանզի դրա չդատապարտումը կծնի նոր Ցեղասպանություններ և այլ ռազմական հանցագործություններ: Հատկապես, երբ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվել ռազմական հռետորաբանությունից և փնտրում է Ղարաբաղյան հիմնահարցի ռազմական ճանապարհով լուծման ուղիներ»,- ասված է երիտասարդների ընդունած հայտարարության տեքստում:

Նշենք, որ ինչպես Panorama.am-ին ասաց շարժման ակտիվիստներից մեկը, հայտարարության այդ տեքստը կհանձնվի ոչ միայն ՄԱԿ գրասենյակ, այլև Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին:

Աղբյուր`http://www.panorama.am