ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ-ն ներկայացրեց նոր փաթեթ` «Վերջ տանք մայրենի լեզվի ոտնահարման ու աղավաղման արատավոր երևույթին» կոնտեքստով

ԱԺ հերթական քառօրյա նիստում երեկ քննարկման ներկայացվեց բավականին հետաքրքիր մի օրենսդրական նախագծերի փաթեթ, որը ներառում է մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ: Օրենքներ, որոնք, անշուշտ, ենթակա են դիտարկման առաջին հերթին ազգային անվտանգության կոնտեքստում, քանի որ վերաբերում են մայրենի լեզվին ու դրա հետևողական, մեղմ ասած, ոտնահարմանը:
Խոսքը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արծվիկ Մինասյանի և մյուսների հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթին է վերաբերում, որը նախօրեին քննարկվեց առաջին ընթերցմամբ:
«Փոփոխությունների հիմնական նպատակը մայրենի լեզվի պաշտպանությունն ու անաղարտությունն է»,- ներկայացնելով օրինագիծը հայտարարեց համահեղինակ Լ.Գալստյանը:
Այն, որ մայրենին գրեթե ամեն քայլափոխի ոտնահարվում էր, կարելի է համոզվել ցանկացած տեղ` փողոցում, հեռուստացույց դիտելիս, անգամ բուհերի ռեկտորների խոսալը լսելիս: Այնպես որ, Panorama.am-ին ասաց ՀՅԴ-ական Լ.Գալստյանը, նման օրենսդրականա փոփոխությունների անհրաժեշտությունը ոչ միայն ժամանակին է, այլև ուշացած. «2010թ-ին մշտադիտարկումների արդյունքում միայն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում արձանագրվել է հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների և այլնի լեզվական ձևավորման շուրջ 500 խախտում, որոնց վերացման համար առկա օրենսդրական դաշտի պայմաններում կպահանջվի առնվազն տաս տարի»,- մեզ հետ զրույցում մատնանշելով օրենքի հիմնավորմանը նշեց պատգամավորը:
Ըստ Լ.Գալստյանի, մերօրյա իրականության մեջ կարծես մոռացության է մատնվել այն, որ մայրենի լեզուն ազգապահպանության գլխավոր երաշխիքներից մեկն է ու թեև 2002թ-ին կառավարությունը հաստատեց «ՀՀ լեզվական քաղաքականության պետական ծրագիր» ու նաև մի շարք իրավական ակտեր, այդուհանդերձ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ականատեսն ենք լրիվ հակառակ գործընթացի` հայերենը համատարած աղավաղվում է.«Անգամ սովորական է կարծես թե դարձել այն, որ ժարգոնն ու փողոցի լեզուն ոչ միայն հեռուստագովազդի , այլև հեռուստաեթերի անբաժան մասն են դարձել»,- ընդգծեց Դաշնակցության ներկայացուցիչը:
Առաջարկելով փոփոխություններ «Գովազդի մասին» օրենքում, որոնց միջոցով հնարավոր կլինի բարելավել օրենսդրական դաշտը, համահեղինակները հույս ունեն, որ կհաջողվի դրական քայլ ապահովել լեզվական հարաբերությունների կարգավորման և հայերենի պաշտպանության ուղղությամբ: Իսկ ահա «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունները, եթե, իհարկե, դրանք ընդունվեն, հնարավորություն կտան գործող տույժերից ավելի բարձր տույժեր սահմանել լեզվի բնագավառում օրենսդրության խախտման համար. «Գործող տույժերի վերանայումն ու փոփոխությունը հնարավորություն կտա, ըստ իս, բարձրացնել ոչ միայն քաղաքացիների, այլև պաշտոնական անձանց պատասխանատվությունը»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, ինչպես արդեն նշեցինք հրապարակման սկզբում, փաթեթը ներառում է նաև վերջին մեկ տարում այդքան շատ հիշատակված «Լեզվի մասին» օրենքը` այս դեպքում դրանում առաջարկվող փոփոխությունները ևս միտված են գրական հայերենի պաշտպանության ամրապնդմանը:
Վերջում Լ.Գալստյանն ավելացրեց, որ իրենց` հեղինակների, ամենակարևոր նպատակն այն է եղել, որպեսզի վերջապես վերջ դրվի արատավոր երևույթին` հայերենով տեղեկատվություն ստանալու սպառողների իրավունքների ոտնահարմանը:
Աղբյուր`http://www.panorama.am/
