Մեկ տարվա ընթացքում բանջարեղենը թանկացել է 42.4%-ով

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 42.4%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 6.8% գնաճ: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նման գնաճը, ըստ աղբյուրի, հիմնականում պայմանավորվել է գլուխ սոխի 10.4%, կաղամբի 13.0%, կարտոֆիլի 16.1%, ճակնդեղի 20.2%, գազարի 30.9% գնաճով:

Փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է կանաչ սոխի 3.5%, սխտորի 3.7%, խառը կանաչեղենի 3.8% գնաճ և վարունգի 13.7%, լոլիկի 7.5%, սնկի 0.6% գնանկում:

Հանրապետության դիտարկված քաղաքներում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գներն աճել են 2.3-21.8%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Դիլիջանում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.5%-ով:

Աղբյուր` Panorama.am