ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մեկ տարում շաքարավազը թանկացել է 9.2 %-ով, միրգը` 47.5%-ով
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում շաքարավազը թանկացել է 9.2 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 9.2%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 3.1% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ. փետրվարին հունվարի համեմատ շաքարավազի գինն աճել է 1.5-7.3%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2.3%-ով:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, հացամթերքի ապրանքախմբում 2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ գներն աճել են 17.1%-ով, իսկ 2011թ. հունվարի համեմատ`3.0%-ով: Վերջինս մեծապես պայմանավորվել է հնդկացորենի 3.5% հացահատիկի 4.7%, ալյուրի 6.0%, հաճարի 11.0% գնաճով: Ոսպի, բրնձի, լոբու, սիսեռի, մակարոնեղենի, հացի գներն աճել են 0.4-2.5%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում հացամթերքի գներն աճել են 2.2-9.1%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք.Կապանում: Մայրաքաղաքում հացամթերքի գինն աճել է 2.2%-ով:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքնախմբում 2011թ. փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է 12.3%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 1.1% գնաճ: Վերջինս հիմնականում կարագի 1.6% և բուսական յուղի (արևածաղկի) 1.8% գնաճի արդյունք է: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են
0.3-2.8%-ով:
Մրգի ապրանքախմբում այս տարվա փետրվարին 2010թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 47.5%, իսկ 2011թ. հունվարի համեմատ` 0.8% գնաճ:
2011թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է խնձորի 0.8%, արքայանարնջի 8.1%, մանդարինի 8.9% գնաճ: Դրան զուգընթաց, տանձի գինը նվազել է 4.6%-ով, նարնջինը` 3.0%-ով, խաղողինը` 2.4%-ով, կիտրոնինը` 1.0%- ով, ադամաթզինը` 0.9%-ով:
Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում մրգի գներն աճել են 1.3- 15.9%-ով, իսկ մյուս 3 քաղաքներում գրանցվել է 3.2-1.4% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 1.4%-ով:
Աղբյուր` Panorama.am
