Այս ամենից հետո պետք է հրաժարականներ լինեն. Լարիսա Ալավերդյանի ակնկալիքը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ասուլիսում բացի կուսակցականներից, ներկայացել էին նաև երկու կանայք, որոնք ժամանակին փողոցային առևտուր են արել ու այժմ մնացել են անգործ: «Տեսեք, մենք Հանրապետական կուսակցության անդամներ ենք, բայց մեր կողքին «Ժառանգությունն» է, մեր ընտրած պատգամավորը չկա», -ասուլիսում ցույց տալով Հանրապետականի կարմիր անդամատոմսերը հայտարարեցին կանայք:

Նրանք պատմեցին, որ նախօրեին, երբ բողոքի ակցիան նոր-նոր էր սկսվում և «Ժառանգության» անդամներն էլ դեռ չկային, ոստիկաններն իրենց ասել են. «Այսօր ձեզ համար շատ վատ է լինելու, թողեք, գնացեք»:

Ասուլիսին ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն էլ իրենց հերթին վրդովված էին նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված նյութով ու «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի հայտարարություններով, թե ոստիկանության գործողությունները կառավարության շենքի առջև իրավաչափ են:

«Ռոբերտ Մելքոնյանի երեկվա հարցազրույցը լավագույն օրինակ է, թե ինչպիսին չպետք է լինի ոստիկանը: Վայ ինձ, եթե ես իմանայի, որ բոլորն են այդքան անգրագետ։ Փառք տիրոջը, ես գիտեմ, որ այդպես չէ։ Նման ոստիկանի առկայությամբ վտանգված է հասարակությունը և իշխանությունը», -հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Արմեն Մարտիրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ իրենց մոտ զենք-զինամթերք չեն հայտնաբերել, ու պահանջեց. «Ես, որպես հարկատու, պահանջում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը անկողմնակալ հրապարակում ներկայացնի կատարվածի վերաբերյալ»: Միաժամանակ, պատգամավորները շնորհակալություն հայտնեցին էլեկտրոնային կայքերին, որոնք, Մարտիրոսյանի խոսքով, անաչառ են լուսաբանել տեղի ունեցածը:

Մարտիրոսյանը նաև շնորհակալություն հայտնեց իրենց բոլոր զորակցողներին ու մասնավորապես, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, այնուհետև հույս հայտնեց, որ ծառայողական քննությունը դրական արդյունքներ կտա: Հակառակ դեպքում, ըստ Մարտիրոսյանի, իրենք դատական ճանապարհով արդարություն կպահանջեն:

«Ես բավարարված կլինեմ Ազգային ժողովի կողմից, եթե առնվազն այդ Ավետիսյան կոչված ոստիկանը ազատվի համակարգից: Հակառակ պարագայում ես կհամարեմ, որ սա հենց իշխանության կողմից տրված հրաման էր», -հայտարարեց Մարտիրոսյանը:
Նշենք, որ խոսքը Պետական Պահպանության ծառայության գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի մասին է, ով նախօրեին քաշքշել էր հենց Արմեն Մարտիրոսյանին:

Ծառայողական քննությունից պատգամավորներն ակնկալում են, որ իսկապես օրենքը խախտողները պատժվեն: «Եթե ոստիկանությունը կարգ պահող է, ես առաջնային մանդատով օժտված անձ եմ, որն իր ստատուսով ավելի բարձր է, քան ցանկացած ոստիկան», -հավելեց Մարտիրոսյանը: «Ես ակնկալում եմ, որ այս ամեինց հետո հրաժարականներ լինեն», -հավելեց Ալավերդյանը:

Աղբյուր՝ http://www.panorama.am