ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պիկետ ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանի (վիդեո)

Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները շարունակում են տարբեր բողոքի ակցիաների միջոցով բարձրաձայնել իրենց համակուսակից Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի կալանավորման հարցով, ում, պաշտոնական վարկածով, ձերբակալել են 100,000 դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով, և այժմ նա գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում:
Մարտի 11-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև կազմակերպված հերթական պիկետի ժամանակ թվով մոտ 70 Փոստանջյանի աջակիցները շարունակում էին պնդել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն (190-րդ հոդված) կաշառք ստանալու փաստով քրեական գործի վարույթը պետք է վարեն ՀՀ Ոստիկանության քննիչները, և ոչ թե ԱԱԾ քննիչները, իսկ ձերբակալելու համար 135-րդ հոդվածի համաձայն մեղադրյալին կարելի է կալանավորել, միայն եթե իրականվտանգ կա, որ նա կխոչընդոտի արդարադատությանը, կամ կկատարի հանցագործություն:
Պիկետի մասնակիցներին ոստիկանները չթողեցին մոտենալ շենքին՝ նշելով, որ նրանք խանգարում են ԱԱԾ աշխատակիցներին աշխատել, չնայած ՀՀ ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցակացնելու մասին օրենքի համաձայն կարող էին փոքրաթիվ մարդկանցով պիկետ անցկացնել: Պիկետի մասնակիցները չփորձեցին անցնել փողոցը և այս անգամ բախումներ չեղան ոստիկանների հետ, ինչպես նախորդ շաբաթ ՀՀ կառավարության շենքի առջև՝ նիստից հետո:
Տիգրան Փոստանջյանին մինչև այսօր կարողացել են տեսնել միայն փաստաբանները և Ժառանգություն խմբակցության 3 պատգամավորներ, իսկ քրոջը՝ Զարուհի Փոստանջյանին, հատուկ հրահանգով չեն թողնում այցելել եղբորը:
Փոստանջյանը համոզված է, որ եղբորը ձերբակալել են իր քաղաքական ակտիվությունը ճնշելու համար, իսկ այժմ պահում են Նուբարաենի քրեկատարողական հիմնարկում, որտեղ գերբեռնված պայմաններ են, որ կարողանան այդպես ազդել իր եղբոր վրա:
«Այսպիսի գործերը ԱԱԾ մակարդակի գործ չեն, մեկը մյուսի հետևից ոտնահարում են մարդու իրավունքները, սահմանադրական իրավունքները, և մինչև անգամ ու այս գործը դարձրել են մի խնդիր, որով ուզում են ցույց տալ, որ «մեզ համար և մեր դեմ խաղ չկա»: Ես դեմ եմ, որ ԱԱԾ-ն գործի միայն ներքին խնդիրների օգտագործման և քաղաքական կարծիքների հետապնդման համար»,- ասում է նախկին մարդու իրավունքենրի պաշտպաններից Լարիսա Ալավերդյանը:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
