ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ըստ իրավապաշտպանների՝ հոգեգալստականի դեմ հարուցված քրգործը միտումներ ունի
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրատվամիջոցների կողմից ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումներ է նկատում։
Ըստ Իշխանյանի՝ «Հայաստանի Ավետարանական եկեղեցիների միության» Հոգեգալստականներ կրոնական կազմակերպության հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործը նույնպես «սարքովի» է և միտումնավոր։ Ի դեպ, վերջինիս պաշտպանությունը ստանձնել է Հայաստանի հելսինկյան կոմիտեն։
Բանն այն է, որ Սևան քաղաքում «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության ենթադրյալ անդամի կողմից սեփական ծնողների սպանության աղմկալի դեպքը լուսաբանելու համար 2010թ. նոյեմբերի 10-ին այնտեղ է մեկնել «Շանթի» նկարահանող խումբը։ Լրագրողները որոշել են անդրադառնալ նաև Սևանում գործող այլ կրոնական կազմակերպությունների գործունեությանը։
Վլադիմիր Բաղդասարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի խոսքերով՝ լրագրողները ներխուժել են մի քանի անձնաց մասնավոր սեփականություն հանդիսացող նախկին կինոթատրոնի շենք, որտեղ տեղի էր ունենում հոգեգալստականների հերթական հավաքը և առանց թույտվության նկարահանում իրականացրել։ Ի դեպ, նույն շենքի համասեփականատեր ու բնակիչ է հոգեգալստականների հովիվ Վ.Բաղդասարյանը։ Վերջինս լրագրողներին դուրս է հրավիրել, որի պատճառով վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել։ Արդյունքում քրեական գործ է հարուցվել ոչ թե մասնավոր սեփականություն հասդիասացող տարածք ներխուժելու, այլ՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով։
Մեղադրյալի պաշտպանները գործի նախաքննության ողջ ընթացքից եկել են այն եզրակացության, որ «ինչ-որ միտում կա»։ Քրեական գործը հարուցվել է դեկտմեբերի 24-ին և մինչև 2011թ. փետրվարի 15-ը Վլադիմիր Բաղդասարյանը գործում ներգրավված է եղել որպես վկա։ Փետրվարի 15-ին մեղադրանք է առաջադրվել նրա դեմ, և նույն օրը գործի նախաքննությունն ավարտվել է։ Փաստորեն, պաշտպանական կողմին ժամանակ և հնարավորություն չի տրվել գործի նյութերին ծանոթանալու և պաշտպանությունը կազմակերպելու համար, ինչը սահմանում է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Փաստաբան Ռևազյանի խոսքերով՝ քննիչը արհամարհել է իրենց բոլոր միջնորդությունները, իրենց պաշտպանյալին չի պարզաբանվել իրեն առաջադրված մեղադրանքի էությունը, որի պատճառով Վ.Բաղդասարյանը ցուցմունք չի տվել, գործի նյութերը պատշաճ կարգով չեն տրամադրվել ծանոթանալու համար։ Քննիչը գործը հապճեպ ուղարկել է դատարան։
Բացի այդ, ըստ Ռևազյանի, քննիչը դատակոչի ցուցակում չի ներառել միջադեպին ականատես այն վկաների անունները, ովքեր եղել են դեպքի վայրում և կարող են վկայություն տալ հօգուտ Բաղդասարյանի։
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները խուսափում են լրագրողներից, քանի որ նրանք այդ կազմակերպությունները ներկայացնում են որպես աղանդավորական վտանգավոր շարժումներ և դրանց նկատմամբ հասարակության մեջ բացասական կարծիք են ձևավորում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
