ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սպառողները պետք է լինեն իրազեկ և պաշտպանեն իրենց իրավունքները
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ բոլոր բնագավառներում հայ սպառողների իրավունքները ոտնահարվում են: Ըստ նրա, սպառողների իրավունքները հաճախ խախտվում են ոչ պարենային ապրանքներ գնելիս, մասնավորապես, երբ խանութում փակցված է` «ապրանքը հետ չի ընդունվում», որն օրենքի խախտում է:
Կ.Չիլինգարյանի խոսքերով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով նախատեսվում է, որ եթե գնված ապրանքը հարմար չէ ձևով կամ չափով, սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում փոխել այն, և կարող է հետ վերադարձնել, եթե որակյալ չէ:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հկ-ի նախագահ Լուսինե Յագուբյանն էլ նշեց, որ մեղավորներից մեկը հենց սպառողն է, ով տեղյակ չէ իր իրավունքներից և չի կարողանում պաշտպանել իրեն: Նա խորհուրդ տվեց սպառողներին լինել իրազեկ և պաշտպանել իրենց իրավունքները:
Աղբյուր`http://www.panorama.am
