ՄԻՊ. անդրադարձ արդար դատաքննության իրավունքին

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված անցյալ տարվա նամակների շուրջ 40%-ը վերաբերել են արդար դատաքննության իրավունքի պաշտպանությանը։

«Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից»,- այսօր արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրին է անդրադարձել ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։

Կ. Անդրեասյանը նշել է, որ իր լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են, և ինքը  չի կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Այդուհանդերձ, 2011թ.-ի մայիսի 27-ին  ՀՀ փաստաբանների պալատի հետ համատեղ ՄԻՊ-ը նախաձեռնել է արդար դատաքննության իրավունքի պաշտպանության ֆորում, որի ընթացքում կներկայացնի իր կոնկրետ առաջարկները և քայլերը դատական համակարգի հետագա բարեփոխման և զարգացման համար։

Հիշեցնենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը 50-օրյա լռությունից հետո այս շաբաթ անդրադարձավ սոցիալական ապահովության, հավաքների ազատության, սեփականության, խոսքի ազատության, արդար դատաքննության իրավունքներին։ Նա իր կարծիքը կկիսի նաև բռնության և խոշտանգումների խնդիրների և 2008 թ.մարտի իրադարձությունների հետևանքների վերաբերյալ։  

Լրագրողների հարցերին Կ. Անդրեասյանը կպատասխանի ապրիլի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ։