ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություն ստանալու իրավունք. հետաքննողները կբողոքարկեն վճիռը
ՀՀ վարչական դատարանը (նստավայրը Գյումրի) մերժել է «Հետաքննող լրագրողների» հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի:
«Հետքը» դեռևս անցած տարվա հուլիսին 8 հարցից բաղկացած հարցում էր ուղարկել Գյումրու քաղաքապետին, որին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է 5 ամիս ուշացումով և ոչ լիարժեք:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը սահմանում է տեղեկատվություն տրամադրելու 5-օրյա ժամկետ, եթե տեղեկությունները տրամադրելը լրացուցիչ աշխատանք է պահանջում' 30-օրյա, սակայն այս դեպքում էլ 5-օրյա ժամկետում դիմողին այդ մասին տեղյակ պահելու պարտավորությամբ: Տեղեկության տրամադրումը մերժելու համար էլ օրենքը պարտավորեցնում է այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնել դիմողին՝ նշելով մերժման հիմքը, ինչպես նաև' դրա բողոքարկման կարգը։
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դիմել էր Վարչական դատարան' տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցով, որից հետո Գյումրու քաղաքապետարանից մի պատասխան էր ստացել, որում տեղեկություններ տրամադրելու փոխարեն քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը փորձել էր հիմնավորել տեղեկատվություն չտրամադրելու պատճառները:
Ապրիլի 22-ին Վարչական դատարանը մերժեց «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: «Հետաքննող լրագրողները» պատրաստվում են բողոքարկել դատարանի վճիռը:
Աղբյուրը` www.hra.am
