ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԻՊ. բռնության դեպքերը հատկապես հաճախ են զինուժերում, ոստիկանությունում և բանտերում

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձել է բռնության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրներին:
Նա առանձնացրել է հատկապես զինված ուժերում, ոստիկանության մարմիններում և քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող խոշտանգումների խնդիրները:
Զինված ուժերում 2010 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում գրանցվել է 54 մահվան դեպք, որոնց մեծ մասը կապվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ:
«Առավել քան մտահոգիչ է բանակում առանց ծառայողական քննություն իրականացնելու զինծառայողներին կարգապահական կալանքի ենթարկելը: Դրական եմ համարում շրջանառության մեջ դրված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագրքի գաղափարը, քանի որ կանոնագրքի ընդունմամբ զինված ուժերում չի գործելու զինծառայողին պատժի ենթարկելու մի տեսակը՝ կալանքը»,- ասում է Կ. Անդրեսայանը:
Պաշտպանի գրասենյակը բողոքներ է ստանում նաև ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված բռնությունների վերաբերյալ:
«Մեր համաքաղաքացիներն ու իրենց փաստաբանները բազմիցս հայտնել են, որ անձինք անհիմն տարվում և պահվում են ոստիկանության բաժիններում, և նրանց արգելում են փաստաբանների հետ հանդիպումը: Որոշ դեպքերում միայն Պաշտպանի միջամտությունից հետո են վերականգնվել անձանց խախտված իրավունքները: Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անչափահասների նկատմամբ ծեծի, բռնության, սպառնալիքների և նվաստացնող այլ արարքների անդրադարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն իր 2010թ. հրապարակված զեկույցում»,- իր մտահոգությունն է կիսում ՄԻՊը:
Պաշտպանի գրասենյակը, որպես խոշտանգումների կանխարգելման համար պատասխանատու հաստատություն, ունեցել է խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խումբ: Այժմ խմբի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար Պաշտպանի գրասենյակը համագործակցության առաջարկ է արել այս ոլորտում մասնագիտացած մի շարք հասարակական կազմակերպությունների:
«Խումբն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա կվերհանի անազատության մեջ գտնվող անձանց ոչ միայն գերբնակեցման ու կոմունալ-կենցաղային վատ պայմանները, այլև կբացահայտի ազատազրկման վայրերում ակնհայտորեն գոյություն ունեցող բռնությունների ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները և կներկայացնի դրանք հասարակությանը՝ տալով բռնությունների կանխարգելման կոնկրետ առաջարկներ»,- խոստանում է Կ. Անդրեասյանը:
