«Մարդու իրավունքների կրթություն». դասընթաց երկրորդ

«Մարդու իրավունքների կրթություն» դասընթացի արդյունքում ՀՀ մարզերում կիրականցվեն մոնիտորինգներ կրթությունից դուրս մնացած երեխաների, դիաբետով հիվանդ երեխաների անվճար բուժսպասարկման իրավունքների և թոշակառու անձանց առաջնային բուժօգնության մատչելիության վերաբերյալ։

Ապրիլի 25-30-ը Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի World Vision կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները զարգացնում էին իրենց' մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գիտելիքներն ու կարողությունները:

Մարզերի ներկայացուցիչները հիմնականում տարբեր համայնքներից են ընտրված, ինչը թույլ կտա մասնակիցներից յուրաքանչյուրին կիսել ստացած գիտելիքներն իր համայնքում: Մասնակիցները կարևորում են նաև մարդու իրավունքների վերաբերյալ ստացած տեղեկատվությունը. «Շատ օգտակար են մարդու իրավունքների և օրենքների մասին ստացած գիտելիքները: Եթե նախկինում ինչ-որ բաներ դիտարկում էինք որպես ուղղակի բացասական երևույթներ, այժմ հստակ կարող ենք նշել, թե ինչ իրավունքի խախտում է և ինչ մեխանիզմներ կան դրանք պաշտպանելու»,-ասում է Մարիամ Մուրադյանը՝ Գավառից:

«Մարդու իրավունքների կրթության» առաջին դասընթացն ուղղված էր մարդու հիմնարար իրավունքների ներկայացմանը և դրանք պաշտպանելու մեխանիզմներին։ Այս անգամ մասնակիցները ծանոթացան մոնիտորինգ իրականացնելու մեթոդներին ու արդյունքների ամփոփմանը զեկույցում, ինչպես նաև՝ ներկայացվեցին  կոնֆլիկտի փուլերը, դրանցից խուսափելու և լուծումներ գտնելու եղանակները։

«Դասընթացը շատ արդյունավետ է՝ մի քանի տեսանկյունից. նախ՝ արդյունքում մշտադիտարկում է իրականացվելու, այսինքն՝ մենք մոնիթորինգի մեխանիզմն ենք հասկանալու սկզբից մինչև վերջ՝ զեկույցի հրապարակումը: Իսկ նման զեկույցի հրապարակումը ոչ միայն կներկայացնի մեր կատարած աշխատանքը, այլ նաև փաստաթուղթ կհանդիսանա հետաքրքրվողների, ՀԿ-ների համար»,- ասում է Մարիամ Մուրադյանը:

Առաջիկայում մոնիտորինգներ կիրականացվեն. Գավառում և Ալավերդիում՝ կրթությունից դուրս մնացած երեխաների իրավունքի, Գյումրիում՝ դիաբետով հիվանդ երեխաների անվճար բուժսպասարկման իրավունքի  և Սիսիանում՝ տարածաշրջանի թոշակառու անձանց առաջնային բուժօգնության մատչելիության և հասանելիության թեմաներով։

Թեմաների ներկայացմանը մասնակցեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ տնտեսական և մշակութային իրավունքների վերականգման խմբի ավագ մնասնագետ Երանուհի Թումանյանցը։

 «Մարդու իրավունքների կրթության» հաջորդ դասընթացի ընթացքում կքննարկվեն դիտարկումների արդյունքում ամփոփված զեկույցները։

«Համայնքների ձայնը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող «Մարդու իրավունքների կրթության» դասընթացների նպատակն է զարգացնել  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի գիտելիքներն ու կարողությունները, որպեսզի World Vision կազմակերպության տարածքային զարգացման ծրագրերի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները կարողանան մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացված  դիտարկումներ կատարել, զեկույցներ գրել և դրանց հիման վրա իրականացնել մարդու իրավունքների պաշտպանություն:  

Երկու տարի տևողությամբ ծրագիրն իրականացվում է World Vision Հայաստանի,  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից:

Դասընթացի մասին կարդացեք նաև այստեղ։

Աղբյուրը՝ www.hra.am