Վահան Խալաֆյանի գործով վերաքննիչ բողոքների լսումները շարունակվում են

Մայիսի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Վահան Խալաֆյանի գործով ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, դատախազությունը, Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը և Մորես Հայրապետյանը:

Դատարանում պաշտպանության կողմը ներկայացրեց իրենց բողոքը և մեղադրող կողմի բողոքի վերաբերյալ առարկությունները:

8 տարի ազատազրկման դատապարտված Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը բողոքում է իր պաշտպանյալին Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցումը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) մեղադրանք առաջադրելու դեմ: Նա շարունակում է պնդել, որ մեղադրանքը առաջադրվել է միայն Մորես Հայրապետյանի տված ցուցմունքների վրա, և հաշվի չի առնվել Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերատիվ գծով պետի տեղակալ Սամվել Տոնոյանի վերաբերյալ Աշոտ Հարությունյանի ծնողների տարածած' հանցագործության մասին հաղորդումը:

Աշոտ Հարությունյանը դատարանում «էժանագին» անվանեց այն բոլոր մարդկանց, ովքեր այս գործի շրջանակներում որևէ համագործակցության են գնացել և ամբողջ մեղքն իր վրա բարդել:

Նա շարունակեց պնդել, որ ինքը Խալաֆյանի նկատմամբ բռնություն չի կիրառել, և այդ մասին ցուցմունքներ են տվել նաև օպերլիազորներ Գագիկ Դավթյանը և Գարիկ Ղազարյանը: Նշենք, որ ըստ օպերլիազորների ցուցմունքի' ընդամենը մեկ ապտակ տալով Հարությունյանը դուրս է եկել սենյակից, քանի որ նրան զանգահարել էին, որից հետո Խալաֆյանը պահարանից վերցրել է դանակը և 2 անգամ իրեն հարվածել: Մեղադրող կողմը արժանահավատ է համարում Մորես Հայրապետյանի ցուցմունքն այն հիմնավորմամբ, որ երկու օպերլիազորները, գտնվելով Աշոտ Հարությունյանի անմիջական ենթակայության ներքո, չեն ցանկացել իրենց ղեկավարի դեմ ցուցմունքներ տալ և վտանգել իրենց հարաբերությունները:

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով անմեղ ճանաչված Գագիկ Դավթյանի և Գարիկ Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը գտնում է, որ կատարվել է բազմակողմանի, օբյեկտիվ և արդար դատաքննություն, իր պաշտպանյալներն անմեղ են, որովհետև չէին կարող ենթադրել, թե ինչ է լինելու և կանխել ցավալի զարգացումները: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալների նկատմամբ ողջ մեղադրանքը հիմնված է ենթադրությունների վրա և խնդրեց դատարանին ուժի մեջ թողնել վճիռն՝ իր պաշտպանյալներին անմեղ ճանաչելու մասով:

2 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Մորես Հայրապետյանը ոչինչ չավելացրեց իր ներկայացրած բողոքին:

Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 17-ը:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am