ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Փոստանջյանի գործով դատական նիստը շարունակվում է
Մայիսի 5-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի երկրորդ դատական նիստը:
Ըստ «Ժառանգության» տարածած մամուլի հաղորդագրության' դատական նիստին դատակոչված Հրահատ Սարգսյանի, Արմեն Պողոսյանի և Վահան Առաքելյանի վկայություններն ակնհայտ են դարձրել, որ նրանք Տիգրան Փոստանջյանի դեմ կեղծ ցուցմունքներ են տալիս ճնշումների տակ, գործարքի հետևանքով:
«Ցնցող խոստովանություն էր այն, որ «Սթար» ընկերության գանձարկղից «տուրք թաղապետարանին» անվան ներքո վերցվում է գումար, առանց որևէ փաստաթղթային հիմքի «տրամադրվում» է մեկ ուրիշ անձի, վերջինս դրա մեծ մասը, որպես ապօրինի վարձատրություն, իբրև թե տվել է Տիգրան Փոստանջյանին, «կատարված ծախսի» անդորրագիրը բացակայում է քրեական գործում: Եվ այս ամենը' պետեկամուտների կոմիտեի «աչալուրջ հսկողության» ներքո»,- հայտնում է կուսակցությունը:
Ըստ հաղորդագրության' այսօրվա դատական նիստին դատակոչված վերջին վկան հայտնվեց շատ նյարդային վիճակում' այն պատճառաբանությամբ, որ իրեն «խոստացվել է», թե չեն նկարահանելու դատարանի դահլիճում: Դատարանը չկարողացավ լսել դատակոչված ևս երկու վկայի, ովքեր այդ ընթացքում հասցրին հեռանալ դատարանի շենքից:
Կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Փոստանջյանի դեմ իրականացվում է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդում, ինչի մեջ «մեծ ավանդ» ունեն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության կողմից քննվող գործերով մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ Երևանի վարչության պետ Հովհաննես Կարումյանը, ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Արմեն Թևանյանը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը:
Տիգրան Փոստանջյանը կալանքի տակ է արդեն 72 օր: Նրա նկատմամբ կալանքի որոշումներն արդեն բողոքարկվել են Հայաստանի դատարաններում և մերժվել: «Ժառանգությունը» հայտնում է, որ մարդուն ապօրինաբար կալանքի տակ պահելու դատարանների այդ որոշումների կապակցությամբ անխուսափելի կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճիռն ընդդեմ ՀՀ-ի:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին:
