Կբարելավվի լսողության խանգարում ունեցողների տեղեկատվություն ստանալու հնարավորությունը

Հուլիսի 7-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանության է արժանացրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով ակնկալվում է բարելավել լսողության խանգարում ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ 3500 խուլ մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքին վերաբերող բաց նամակ էր ուղարկվել Ազգային ժողով: Արդեն մի քանի ամիս է' նրանք զրկված են սուրդոթարգմանությամբ ուղեկցվող լրատվական հաղորդում դիտելու հնարավորությունից:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը հունիսի 3-ին բաց նամակ էր հանձնել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանին, ով ղեկավարում է ՀՀ նախագահի առաջարկով 2010 թվականին ձևավորված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբը:

Դեհերյանն աշխատանքային խմբին խնդրել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5.3.3 կետում ներառել հետևյալ առաջարկը. «Եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրերով» նախադասությունից հանել «կամ հայերեն լուսագրերով» բառակապակցությունը: «Հայերեն լուսագրերը, որոնք այսօր առկա են որոշ տեղական հաղորդումների ժամանակ, անհարմար են և ոչ ընկալելի խուլերի համար և շատ դեպքերում չեն համապատասխանում ներկայացվող պատկերին»,- ասված էր նամակում:

Աղբյուրը՝ www.hra.am