ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կդիմի Սահմանադրական դատարան

Զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Կարեն Անդրեասյանն այս շաբաթ կդիմի ՀՀ Սահմանադրական դատարան:

«Օրենքի ներկայիս կիրառումից առաջացած դժգոհությունները վկայում են, որ ինչպես այլ,  այնպես էլ խոսքի ազատության ոլորտում անօրեն դատավորը վարկաբեկում է լավ օրենքը և ՀՀ օրենսդրությունը, վարկաբեկում է լավ դատավորին և ողջ դատական համակարգը, վարկաբեկում է մեր իշխանության բոլոր թևերին ու պետությանը: Անօրեն դատավորի գործոնի վերացումը իմ, լրագրողի, արդար դատավորի և մարդու իրավունքներով մտահոգ ամեն անհատի գործն է: Հետևաբար, խոսքի ազատության պաշտպանության համար այսօր իրականում անհրաժեշտ է հանրային գործուն վերահսկողություն օրենքի կիրառման և արդարադատության իրականացման նկատմամբ»,- կարծում է Կարեն Անդրեասյանը։

ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ հասկանալով, որ օրենքի ներկայիս կիրառումը դատարանների կողմից պայմանավորված է օրենքի ոչ միանշանակ կարգավորումներով, որոշել է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան հարցն այնտեղ քննության ենթարկելու համար:

Աղբյուրը՝ www.hra.am