«Հրապարակն» ու ԴԱՀԿ–ն համաձայնության են եկել

«Հրապարակ» թերթը և ԴԱՀԿ-ն համաձայնության են եկել. դատական գործն ավարտվել է համաձայնությամբ. թերթի խմբագրությունը մեկ ամիս անց կհրապարակի մի հոդված, որը նախապես համաձայնեցվել է երկու կողմերի հետ:

Հիշեցնենք, որ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կարծիքով օրաթերթը օգոստոսին հրապարակած 2 հոդվածներում (Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-1 և Դատական դեպարտամենտը՝ «Միսակնոց»-2)  3 անգամ վիրավորել և 9 անգամ զրպարտել է իրեն։

«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը մեզ  տեղեկացրեց, որ համաձայնությամբ  նախատեսվող  հոդվածում թերթը հրապարակելու է,  որ տպագրված հոդվածներում ուրիշի ուղղակի խոսքով ներկայացված են եղել ԴԱՀԿ աշխատողների նամակը ընդդեմ Միսակ Մարտիրոսյանի և թերթը ափսոսում է, որ նամակում առկա են եղել փաստեր, որոնք վիրավորել են Միսակ Մարտիրոսյանի արժանապատվությունը։ Դա թերթի կարծիքը չի եղել, թերթն ուղղակի փոխանցել է այդ մարդկանց բողոքը:

«Կարծում եմ, որ ԴԱՀԿ-ն որոշեց համաձայնության գալ, քանի որ լրատվամիջոցների կողմից բարձրացրած աղմուկը շատ մեծ էր ու անսպասելի: Ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, քանի որ նրանց շնորհիվ է, որ ԴԱՀԿ-ում հասկացան՝  ամոթ է,  որ դատական դեպարտամենտը դուրս է գալիս թերթի դեմ»:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am