ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը 405 զանգ է ստացել

Նոյեմբերի 1-ից գործող 116 հեռա­խո­սա­հա­մարին (թեժ գիծ) 28 օրում ստացվել է 405 հեռախոսազանգ. տեղեկացնում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը։

Պաշտպանի գրասենյակը 9 հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ նոյեմբերի 1-ից վերաբացեց իր արագ արաձագանքման ծառայությունը 116 համարով գործող  շուրջօրյա անվճար թեժ գծի միջոցով:

Թեժ գիծ զանգահարողներից շատերին (246 անձ) տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն: Դրանք հիմ­նա­կա­­նում վերաբերել են ԽՍՀՄ Խնայդրամարկղում ներդրած գումարները փոխ­հա­տու­­ցե­լուն, ընտանեկան նպաստի համակարգից անձանց զրկելուն կամ չընդ­գր­կե­լուն և այլն:

151 հեռախոսազանգեր Պաշտպանի իրավասությունից դուրս հարցեր են եղել, մաս­նա­վորապես՝ դրանք վերաբերել են դատական քննության փուլում գտնվող գոր­ծերին Պաշտպանի միջամտությանը, կայացված դատական ակտերը վերա­նա­յելուն, ֆիզիկական անձանց միջև առաջացած վեճերը լուծելուն և այլն:

Թեժ գծին ստացված հեռախոսազանգերից ընդամենը 8-ի դեպքում  պա­հանջվել է արագ արձագանքում համապատասխան վայր այցելելու կամ հեռա­խո­սա­զանգի միջոցով: Այսպես.

  1. Անձանց անհիմն ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու վերաբերյալ 3 հեռա­խո­սա­զան­գե­րի դեպքում ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րի կողմից կա­տար­վել են հեռա­խո­սա­զան­գեր ՀՀ Ոստիկանության համա­պա­տաս­խան ստո­րա­­բա­ժա­նում­ներ,  ինչի արդյունքում  անձանց բաց են թո­ղել:
  2. Քաղաքացուն ծեծի ենթարկելու հետևանքով նրան տեղափոխել են բուժ հաս­տա­տու­թյուն, որտեղից ահազանգել են ոստիկանություն, սակայն ոստիկանության աշ­խա­տակիցները հրաժարվել են մեկնել բուժ հաս­տատություն: ՄԻՊ աշ­խա­տա­կազ­մի հերթապահ աշխա­տա­կցի հեռախոսազանգից հետո ոս­տի­կա­նության աշխա­տա­կիցները այցելել են բուժ հաստատություն: Այդ մասին տեղեկությունը հայտնել է տուժողի մայրը:
  3. Քաղաքացիները հայտնել էին, որ Աբովյան-Երևան ուղևորա­փո­խա­դրում­ներ իրա­կանացնող տրանսպորտային միջոցները չեն գործում: ՄԻՊ աշխատակազմի հեր­թա­պահ աշխատակիցները մեկնել և տե­ղում արձանագրել են, որ Աբովյան-Երևան ուղղությամբ 267, 261, 259 հա­մարի ուղևո­րափոխադրումներ իրականացնող ավտո­բուս­ներով ու միկ­րո­ավ­տո­բուսներով իրա­կանացվում են միակողմանի ուղևորա­փո­խա­դրումներ, այսինքն' իրա­կա­նաց­վում էր միայն Երևան-Աբովյան ուղղությամբ ուղևորափոխադրում: Նկատի ունենալով, որ խնդրի լուծումն այդ պահին վե­րա­պահ­ված է եղել ոչ պետական կազմակերպությանը, այդ իսկ պատճառով արագ ար­ձագանքումը տեղում դրական արդյունք չի ունեցել, սակայն, Պաշտպանի կող­մից կազմվել և ուղարկվել է գրություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն՝ հա­մապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով:
  4. Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալին բերման են ենթարկել ՀՀ ոս­տի­կանության ԿՀԴՊԳՎ, որտեղ թույլ չեն տալիս իրեն հանդիպել պաշտպանյալի հետ: Միայն ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րի միջա­մտու­թյամբ թույլ են տվել պաշտպանին հանդիպել իր պաշտպանյալի հետ:
  5. Փաստաբանը հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտ­պան­յալին վիրահատությունից անմիջապես հետո ցանկացել են ներկայացնել դատա­կան նիստին: Փաստաբանը գտնում էր, որ այդ տեղափոխումն ըստ էության հնա­րա­վոր չէ, քանի որ առկա չէ բժշկի համապատասխան թույլտվությունը: ՄԻՊ աշ­խա­տակազմի հերթապահ աշխա­տա­կիցը ՔԿՀ պետի հետ հեռա­խո­սազրույցի ընթացքում պարզել է, որ չնայած առկա է բժշկի թույլտվությունը, այ­նու­ա­մե­նայ­նիվ կալանավորին տեղախոխելու են հաջորդ օրը, ինչպիսի խնդրանքով մեզ դիմել էր փաստաբանը:
  6. Քաղաքացին հայտնել էր, որ իր որդուն ՀՀ ոստիկանության բաժին են տարել բռնություն գործադրելով, և ինքը մտավախություն ունի, որ իր որդուն ծեծելու են նաև ոստիկանության բաժնում: ՄԻՊ աշխատակազմի հերթապահ աշխա­տա­կից­նե­րը այցելել են ոստիկանության համապատասխան բաժին և հանդիպել դի­մու­մատուի որդու հետ, որոնք արձանագրել են, որ բերման ենթարկված անձի նկատ­մամբ բռնություն չի կիրառվել:

Նշված բոլոր դեպքերում համագործակցող հասարակական կազմա­կեր­պություններն ան­միջական մասնակցություն չեն ունեցել կամ նրանց զբաղվածության պատճառով, կամ էլ նման անհրաժեշտության բացակայությամբ՝ օրինակ, երբ ՄԻՊ ներ­կա­յա­ցու­ցի­չը հեռախոսազանգի միջոցող ահազանգին դրական լուծում է տալիս:

Աղբյուրը՝ www.hra.am